Մինչև մեկ տարեկան երեխաների սնուցումը. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
12 հունիս 2021

Երեխաների սնունդը մինչև մեկ տարեկանը բնականաբար բավականին տարբեր է մեծահասակի սննդից և գտնվում է ուշադրության կենտրոնում: Առողջ զարգացման համար հավասարակշռված սնունդ է պետք, որը կպարունակի բավարար չափով ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, միկրոտարրեր: Շատ կարևոր են սպիտակուցները, որոնք կյանքի հիմքն են, մարդու ուղեղի զարգացման ամենակարևոր պայմանը: Դպրոցահասակ երեխայի և մեծահասակի սննդի մեջ տարբերությունը մեծ չէ: Բայց պետք է հաշվի առնել, որ երեխան աճման շրջանում է և նրա սնունդն ավելի հավասարակշռված պետք է լինի՝ հատկապես սպիտակուցներով հարուստ:

 

Որո՞նք են կրծքով կերակրման առավելությունները:

 

  • Կրծքի կաթում կան համապատասխան քանակով և որակով սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են տվյալ տարիքում և հենց տվյալ կազմով: Իսկ կովի կաթը կամ այլ կաթի տեսակներ ունեն իրենց յուրահատկությունները և լիովին չեն համապատասխանում երեխայի սպիտակուցային կառուցվածքի պահանջին, ուստի և համապատասխանաբար՝ նրա ճիշտ աճին:
  • Կրծքի կաթի ածխաջրերը և ճարպերը ավելի լավ են յուրացվում և ստեղծում համապատասխան պայմաններ երեխայի օրգանիզմի կառուցման համար:
  • Շատ կարևոր առավելություն է իմուն գործոնների առկայությունը մայրական կաթի մեջ, որոնք պաշտպանում են երեխային մինչև  նրա սեփական իմունիտետի ձևավորումը:
  • Վիտամինները և միկրոտարրերը նույնպես անհրաժեշտ չափով են առկա կրծքի կաթում, բացի վիտամին D-ից:
  • Կրծքով կերակրելու առավելություններից է նաև կերակրի պատրաստման անհրաժեշտության բացակայությունը:
  • Կրծքով կերակրման կարևորագույն գործոններից է երեխայի և մոր կապի ստեղծումը, որը նպաստում է երեխայի հոգեբանական ճիշտ զարգացմանը:

Այսպիսով, կյանքի առաջին տարում  կամ գոնե 6 ամսվա ընթացքում պարտադիր է կրծքով կերակրումը:

 

Ինչպիսի՞ն է մինչև 1 տարեկան երեխաների արհեստական սննդի որակը:

 

Մինչև 1 տարեկան երեխայի ճիշտ սնուցումը կրծքով կերակրումն է: Եթե կրծքի կաթն անբավարար է, երեխան սնվում է ադապտացված կաթնային խառնուրդներով, որոնք կրծքի կաթին առավելագույնս մոտեցված խառնուրդներն են:

 

Ե՞րբ և ինչպե՞ս է ներմուծվում հավելյալ սնունդը:

 

Երեխայի նորմալ զարգացումը պահանջում է, որ երեխայի մոտ խնդիրների բացակայության դեպքում 6 ամսականից  ավելացվի հավելյալ սնունդ: Իսկ աճի հետ կապված խնդիրների դեպքում հավելյալ սնունդն ավելի վաղ է տրվում՝ 4-6 ամսեկանում:

Ածխաջրատային հավելյալ սնունդը տարբեր բանջարեղենային խյուսերն են, շիլաները: Ապա կարևոր են նաև միսը, ձուն և այլն, որոնք իրենց դերակատարումն ունեն երեխայի ճիշտ զարգացման համար:

 

Կա՞ն բնածին վիճակներ, որոնց ժամանակ երեխան չի կարողանում ընդունել սննդի որոշ տեսակներ:

 

Այո, հազվադեպ հանդիպում են նյութափոխանակային դեֆեկտներ, որոնցից է գլուտենային էնտերոպաթիան՝ ցելիակիա կոչված հիվանդությունը, երբ երեխան չի կարող ուտել ցորենի որոշ տեսակներ, ինչը բերում է նրա վիճակի վատացման, ազդում աճի վրա, նաև որոշ դեպքերում կանխորոշում է մտավոր զարգացումը:
Մուկովիսցիդոզի ժամանակ հնարավոր է նաև պանկրեատիկ անբավարարություն, ինչը բերում է ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների անբավարարության, նյութերի յուրացման խանգարման: Այս դեպքում բուժումն  իրականացվում է ֆերմենտներով:

 

Ինչպիսի՞ն պետք է լինի հիվանդ երեխայի սնուցումը:

 

Հիվանդ երեխան պետք է ուտի, չուտելը բերում է օրգանիզմի  թուլացման և դիմադրողականության անկման: Իհարկե հիվանդ ժամանակ սնունդն ավելի դյուրամարս պետք է լինի, բայց որոշակի սննդային արժեք հիվանդ երեխան պետք է յուրացնի:

Նախկինում փորլուծության ժամանակ երեխային խորհուրդ չէին տալիս սնվել, բայց պարզվում է, որ աղիների ախտահարված բջիջները, որոնք պայմանավորում են նյութերի ներծծումը, առանց սննդի ավելի դժվար են վերականգնվում:

 

Կարելի՞ է  երեխային կերակրել հարկադրաբար:

 

Եթե երեխայի ֆիզիկական աճը նորմալ է և մեծ խախտում չկա, պետք է ծնողներին հանգստացնել, որ երեխային շատ չկերակրեն: Իսկ եթե իրոք երեխան չի ուտում, պետք է նախ հասկանալ պատճառը: Երբեմն տեղափոխումը, տատիկի մոտ տանելը փոխում է վիճակը: Երեխային պետք է կերակրել ոչ թե հարկադրաբար, այլ համոզելով:

 

Որքանո՞վ և ինչպե՞ս են ծնողները տեղեկացված երեխայի սննդի հարցերում:

 

ՀՀ Առողջապահության նախարարությունը պարբերաբար կազմակերպում է դասընթացներ բժիշկների համար: Հնարավորինս լուսաբանվում  են այդ հարցերը: Բժիշկները բացատրում են, պարզաբանում մանկան սնուցման եղանակները, խնդիրները  ծնողներին, այդ թեմայով բուկլետներ են տալիս: Բացի դրանից տարբեր կազմակերպությունների կողմից ևս ծնողական դասընթացներ են կազմակերպվում:

 

Ի՞նչ է կարևոր իմանալ:

 

Խորհուրդ եմ տալիս հետևել սննդաբանության կարևոր մոտեցումներին՝ ծննդից սկսած: Կան ընդհանուր մոտեցումներ, հրահանգներ, որոնք պետք է ճշտորեն կատարել: Շատ կարևոր է առողջ սննդին հետևելը, սննդի մեջ բանջարեղեն, մրգեր ներառելը:

 

Սերգեյ Սարգսյան

Մանկաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրին կից՝ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, ՀՀ Առողջապահության նախարարության  մանկաբուժության գծով խորհրդատու

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Վիրաբույժը` ջութակահար
Ոչ պակաս վարպետորեն բեմում՝ ջութակով, որքան վիրահատարանում՝ նշտարով    Վայելեք Կոմիտաս՝ սիրելի վիրաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրի ուրո-վիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Ավետիսի Գեյիկյանի եւ նրա գեղեցկուհի տիկնոջ՝ դաշնակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս Նարինե Ենգիբարյանի հրաշալի կատրամամբ: Միջոցառումը նախաձեռնել էր Դիլիջանի միջազգային դպրոցի կիպրացի աշակերտուհի, 16-ամյա Անտոնիա Մարիա Զոնիայի ընտանիքը՝ Հայոց Մեծ Եղեռնի տարելիցի առիթով ցուցադրելու աղջկա լուսանկարները՝ Կիպրոսի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության թեմայով: Իմանալով իրենց հայրենակցուհի, մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Էլենի Թեոխարուսի՝ «Արաբկիր» ԲՀ-ի, մասնավորապես, Պողոս Գեյիկյանի եւ պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ ունեցած ջերմ գործընկերային-բարեկամական հարաբերությունների մասին, աղջկա ընտանիքը խնդրել է բժիշկ Գեյիկյանին՝ աջակցելու միջոցառման կազմակերպչական եւ գեղարվեստական մասին: Եվ ահա, ապրիլի 21-ին Կամերային երաժշտության տուն եկած հանդիսատեսը առիթ ունեցավ ունկնդրելու Կոմիտաս, Բաբաջանյան, Միրզոյան, Բաղդասարյան, նաեւ կիպրական ավանդական երաժշտություն՝ Պողոս Գեյիկյանի, Նարինե Ենգիբարյանի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանի եւ բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի-ջութակահարուհի Ինեսսա Պետրոսյանի կատարմամբ:   https://www.facebook.com/ArabkirJMC/posts/pfbid027jzH5RwrehNihkstQjnLKBPk1YdHkT8DNy65w6AdyDXUTPojGVWogw3qawbebicFl
Պրոֆեսոր Պիյուշ Ջանին «Արաբկիր» ԲՀ-ում
Անցած շաբաթ «Արաբկիր» բժշկական համալիրում էր Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության, պարանոցի եւ գլխի վիրաբուժության գծով խորհրդատու, վիրաբույժ, պրոֆեսոր Պիյուշ Ջանին: Ճանաչված պրոֆեսորը հանդես է եկել դասախոսությամբ` քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում ուռուցքային խնդիրների վերաբերյալ, ապա «Արաբկիրի» գործընկերների հետ քննարկել կլինիկական մի քանի դեպք եւ տվել խորհորդներ` ելնելով իր ակտիվ պրակտիկայից: Այցի վերջում Պիյուշ Ջանին հանդիպել է բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ: Պրոֆեսոր Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հարգարժան հյուրին` այցի համար, ներկայացրել եվրոպական, այդ թվում բրիտանական մի շարք կլինիկաների հետ համագործակցության «Արաբկիր» բժշկական համալիրի երկարամյա եւ արդյունավետ փորձը, նշել, որ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներով առաջնորդվելն արաբկիրցիների սկզբունքներից է: Պիյուշ Ջանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ ինքն էլ շատ կարեւորում է մասնագիտական մշտական զարգացումն ու փորձի փոխանակումը եւ հաջողություն մաղթել բժշկական համալիրի ողջ թիմին: