Նոյեմբերի 20-ը մանկաբույժների միջազգային օրն է
20 նոյեմբեր 2021

Այսօր մանկաբույժների միջազգային օրն է: Բժշկական օրացույցում այն հատուկ է ընտրվել նոյեմբերի 20-ին, քանի որ 1959թ-ի հենց այս օրն է Միացյալ Ազգերի Կազմակերպությունն ընդունել Երեխաների իրավունքների պաշտպանության հռչակագիրը, իսկ առողջության իրավունքը մարդու կյանքի հիմնարար իրավունքներից է՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, կրոնից կամ քաղաքացիությունից: 

Մանկաբուժական ծառայությունը «Արաբկիր» բժշկական համալիրի հիմնաքարերից է՝ մանկաբուժական մի քանի բաժանմունքներով: Մանկաբուժական թիմը սերտորեն համագործակցում է արտասահմանյան գործընկերների հետ՝ մշտապես առաջնորդվելով միջազգային փորձի լավագույն օրինակներով:

«Արաբկիր» ԲՀ-ում է գործում ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 2 ամբիոնը՝ պրոֆեսոր Աշոտ Ալեքսանդրի Սարգսյանի ղեկավարությամբ: Ամբիոնում են դասավանդում նաև պրոֆեսոր Գայանե Գեորգիի Ամարյանը, դոցենտներ Սերգեյ Գերասիմի Սարգսյանը, Հասմիկ Գուրգենի Սարգսյանը, Նունե Գերոգիի Մկրտչյանը: Մեր բարձրակարգ մասնագետների դպրոցն անցած երիտասարդ մանկաբույժներն այսօր մասնագիտական իրենց առաքելությունն են իրականացնում ինչպես «Արաբկիր» ԲՀ-ում, այնպես էլ հանրապետության մի շարք այլ բժշկական հաստատություններում:

 

«Արաբկիր»-ում է գործում նաև Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը՝ Սերգեյ Գերասիմի Սարգսյանի ղեկավարությամբ: Ինստիտուտը գիտագործնական հետազոտություններ, կրթական և հրատարակչական ծրագրեր է իրականացնում ամենատարբեր թեմաներով՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հանրապետության բոլոր մանկաբույժներին: 

 

Շնորհավորում ենք, սիրելի մանկաբույժներ,
ձեր նվիրումն անգնահատելի է, ձեր սերը՝ ուղղված ձեր աշխատանքին, սեր է ամբողջ մարդկության հանդեպ: Շնորհակալ ենք: Առողջ եղեք ու առողջ պահեք մեր փոքրիկներին: 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Վիրաբույժը` ջութակահար
Ոչ պակաս վարպետորեն բեմում՝ ջութակով, որքան վիրահատարանում՝ նշտարով    Վայելեք Կոմիտաս՝ սիրելի վիրաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրի ուրո-վիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Ավետիսի Գեյիկյանի եւ նրա գեղեցկուհի տիկնոջ՝ դաշնակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս Նարինե Ենգիբարյանի հրաշալի կատրամամբ: Միջոցառումը նախաձեռնել էր Դիլիջանի միջազգային դպրոցի կիպրացի աշակերտուհի, 16-ամյա Անտոնիա Մարիա Զոնիայի ընտանիքը՝ Հայոց Մեծ Եղեռնի տարելիցի առիթով ցուցադրելու աղջկա լուսանկարները՝ Կիպրոսի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության թեմայով: Իմանալով իրենց հայրենակցուհի, մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Էլենի Թեոխարուսի՝ «Արաբկիր» ԲՀ-ի, մասնավորապես, Պողոս Գեյիկյանի եւ պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ ունեցած ջերմ գործընկերային-բարեկամական հարաբերությունների մասին, աղջկա ընտանիքը խնդրել է բժիշկ Գեյիկյանին՝ աջակցելու միջոցառման կազմակերպչական եւ գեղարվեստական մասին: Եվ ահա, ապրիլի 21-ին Կամերային երաժշտության տուն եկած հանդիսատեսը առիթ ունեցավ ունկնդրելու Կոմիտաս, Բաբաջանյան, Միրզոյան, Բաղդասարյան, նաեւ կիպրական ավանդական երաժշտություն՝ Պողոս Գեյիկյանի, Նարինե Ենգիբարյանի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանի եւ բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի-ջութակահարուհի Ինեսսա Պետրոսյանի կատարմամբ:   https://www.facebook.com/ArabkirJMC/posts/pfbid027jzH5RwrehNihkstQjnLKBPk1YdHkT8DNy65w6AdyDXUTPojGVWogw3qawbebicFl
Պրոֆեսոր Պիյուշ Ջանին «Արաբկիր» ԲՀ-ում
Անցած շաբաթ «Արաբկիր» բժշկական համալիրում էր Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության, պարանոցի եւ գլխի վիրաբուժության գծով խորհրդատու, վիրաբույժ, պրոֆեսոր Պիյուշ Ջանին: Ճանաչված պրոֆեսորը հանդես է եկել դասախոսությամբ` քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում ուռուցքային խնդիրների վերաբերյալ, ապա «Արաբկիրի» գործընկերների հետ քննարկել կլինիկական մի քանի դեպք եւ տվել խորհորդներ` ելնելով իր ակտիվ պրակտիկայից: Այցի վերջում Պիյուշ Ջանին հանդիպել է բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ: Պրոֆեսոր Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հարգարժան հյուրին` այցի համար, ներկայացրել եվրոպական, այդ թվում բրիտանական մի շարք կլինիկաների հետ համագործակցության «Արաբկիր» բժշկական համալիրի երկարամյա եւ արդյունավետ փորձը, նշել, որ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներով առաջնորդվելն արաբկիրցիների սկզբունքներից է: Պիյուշ Ջանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ ինքն էլ շատ կարեւորում է մասնագիտական մշտական զարգացումն ու փորձի փոխանակումը եւ հաջողություն մաղթել բժշկական համալիրի ողջ թիմին: