Հեռախոս
060 400 300 /22 21/
Բադալյան Սևակ Հրանտի
Նյարդավիրաբույժ
Կիսվել Facebook-ում
Մեդիա
Առաջին անգամ Հայաստանում. պարկինսոնիզմի վիրահատական բուժում
Սիրելի այցելուներ եւ գործընկերներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Պարկինսոնի հիվանդության նյարդավիրաբուժական բուժումն արդեն հնարավոր է նաեւ Հայաստանում` «Արաբկիր» բժշկական համալիրում:   Նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայության մեր թիմը հաջողությամբ իրականացնում է գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա (Deep Brain Stimulation /DBS)։ Բուժման այս մեթոդն ունի երկար փորձով եւ գիտական տվյալներով ապացուցված բարձր արդյունավետություն՝ հսկելով հիվանդների շարժողական ֆունկցիան, կանխանգելելով եւ բուժելով դեղորայքային բուժման շարժողական բարդություններն ու զգալիորեն բարձրացնելով պացիենտների կյանքի որակը, ինքնուրույնության և աշխատունակության աստիճանը:   Վիրահատության ժամանակ գլխուղեղի խանգարված ֆունկցիայով համապատասխան կորիզներում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք աշխատում են կրծքավանդակի մաշկի տակ զետեղված նյարդախթանիչի օգնությամբ։ Նյարդախթանիչի ծրագրավորումն ու դրա հետագա կարգավորումը, որոնք իրականացնում է վերապատրաստված մասնագետը, թույլ են տալիս ունենալ կայուն և շարունակական հակապարկինսոնային կամ հակադիսկինետիկ արդյունք։   Նյարդավիրաբուժական այս միջամտությունը կիրառվում է նաեւ դեղորայքակայուն էսենցիալ դող ունեցող և գեներալիզացված դիստոնիայիով պացինետների բուժման համար։ Վիրահատվում են այն պացինետները, որոնք նախավիրահատական գնահատում են անցել եւ համապատասխանում են ընտրության չափանիշներին:   ‍Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիային եւ սարքի հետագա կարգավորմանը տիրապետելու համար նյարդավիրաբույժ Սեւակ Բադալյանը վերապատրաստվել է Բուլղարիայում` Սոֆիայի «Սուրբ Իվան Ռիսլկի» համալսարանական հիվանդանոցում, նյարդաբան Զարուհի Թավադյանը` Ավստրիայում` Ինսբրուկի համալսարանի շարժողական խանգարումների կենտրոնում եւ Հունգարիայում` Ժեգեդի համալսարանական կլինիկայում։   Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայություն` 060 400 300 եւ ներքին` 22 21 հեռախոսահամարով:   * Նյութը պատրաստված է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ պացիենտներին եւ գործընկերներին տեղեկություն տրամադրելու համար: