Սուրդոլոգիական ծառայություն
Սուրդոլոգիական ծառայություն

Սուրդոլոգիան քիթ-կոկորդ-ականջաբանության այն ճյուղն է, որն  ախտորոշում և բուժում է լսողության խանգարումները, ինչպես նաև զբաղվում է լսողության խանգարումների փոխհատուցմամբ:

          Լսողության թեթև իջեցումն անգամ կարող է լուրջ խոչընդոտ դառնալ երեխայի խոսքի և հոգեկան մյուս գործընթացների  զարգացման համար: Զարգացման ընթացքում դրսևորվող բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է վաղ ախատորոշում, բժշկական հսկողություն և ռեաբիլիտացիա: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի սուրդոլոգիական ծառայությունում ժամանակակից սարքավորումների միջոցով իրականացվում է ծանրալսության ախտորոշման և հաղթահարման ողջ համալիրը:

 

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի սուրդոլոգիական դիսպանսերը Հայաստանի Հանրապետությանում միակն է, ուր սենսոնևրալ ծանրալսություն ունեցող մինչև 18 տարեկան բոլոր երեխաներն  ստանում են համապարփակ դիսպանսեր ծառայություններ.

  • լսողության հետազոտություն,
  • լսողական սարքերի հատկացում,
  • լսողական սարքերի հարմարեցում և անհրաժեշտության դեպքում վերանորոգում,
  • մինչև 6 տարեկան երեխաների խոսքի թերապիա,
  • մինչև 6 տարեկան երեխաների պարի և ռիթմիկայի դասընթացներ
  • հոգեբանական խորհրդատվություն,
  • սոցիալական խորհրդատվություն,
  • Համակարգչային դասընթացներ:

2008 թ-ից, ՀՀ  առողջապահության նախարարությունում հաստատված ծրագրի համաձայն, մեր կենտրոնը «Էրեբունի» ԲՀ-ի հետ համատեղ իրականացնում է լսողության նորածնային սկրինինգ ՀՀ ամբողջ տարածքով:

          Սուրդոլոգիական ծառայության մասնագետները կանոնավոր կերպով մասնակցում են Հայաստանում և եվրոպական  տարբեր երկրներում կազմակերպվող փորձի փոխանակման և վերապատրաստման միջազգային դասընթացներին` վերջին զարգացումներին տեղեկանալու և նորամուծությունները  յուրացնելու  նպատակով:

Սուրդոլոգիական ծառայության բժիշկների եւ երեխաների ծնողների ջանքերով 1996թ-ից հիմնադրվել է Լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպությունը, որը դարձել է սուրդոկենտրոնի ամենահավատարիմ գործընկերը՝ բազմաթիվ նախաձեռնություններով եւ ծրագրերով: Դրանցից վերջինը Ծնողական օնլայն դպրոց ծրագիրն է՝ 15 տեսադաս լսողական խնդրով երեխաների ընտանիքների համար: 

 

          Սուրդոլոգիական ծառայությունում իրականցնում են նաև գիտական հետազոտություններ լսողության խանգարումների վաղ ախտորոշման, ադեկվատ լսողապրոթեզավորման և լսողական ընկալման գնահատման  ոլորտներում:

 

Կենտրոնը հագեցված է ժամանակակից բոլոր սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են լսողության խանգարումների ախտորոշման համար`

  • Օտոակուստիկ էմիսիայի գրանցման սարքը /OAE / իրականացնում է արտաքին մազիկավոր բջիջների ֆունկցիայի օբյեկտիվ գնահատում: Օգտագործվում է ինչպես սկրինինգի, այնպես էլ այլ հետազոտությունների հետ մեկտեղ համապարփակ աուդիոլոգիական  քննության մեջ:
  • Իմպենդանսոմետրը նախատեսված է միջին ականջի պաթոլոգիաների արագ ախտորոշման համար
  • Կլինիկական աուդիոմետրը հնարավորոըթյուն է տալի անցկացնել  բազմաթիվ տեստեր լսողության խանգարումների լիարժեք ախտորոշման համար, որոշել լսողության իջեցման բնույթը և աստիճանը:
  • VRA-ը հնարավորություն է տալի կատարել տարածակողմնորոշային աուդիոմետրիա և գնահատել 6-24 ամսեկան երեխաների լսողության իջեցման մակարդակը:
  • Լսողական հրահրված պոտենցիալի գրանցման սարք/ ABR, ASSR: Գրանցում է ձայնային ազդակից առաջացած լսողական նյարդի և ուղեղի տարբեր կենտրոնների ակտիվությունը, հնարավորություն է տալի օբյեկտիվորեն գնահատել լսողության իջեցման բնույթը և աստիճանը:

      «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի սուրդոլոգիական ծառայությունում կատարվում են նաև

  • լսողական սարքերի հատկացում,
  • լսողական սարքերի հարմարեցում և անհրաժեշտության դեպքում վերանորոգում