Մինչեւ 1 տարեկան երեխաների բաժանմունք
Մինչեւ 1 տարեկան երեխաների բաժանմունք

«Արաբկիր» ԲՀ-ի մինչև մեկ տարեկան երեխաների բաժանմունքը տարեկան սպասարկում է 28 օրականից մինչև 1 տարեկան 1000-ից ավել երեխայի։ 


Բաժանմունքը տարիներ շարունակ հմտացել է մանկաբուժության այս առանձնահատուկ ճյուղում: Այստեղ հետազոտվող և բուժվող երեխաներն ամենատարբեր առողջական խնդիրներ են ունենում` սկսած հաճախ հանդիպող շնչական վարակներից, ինչպիսիք են, օրինակ, թթվածնաթերապիա պահանջող բրոնխիոլիտը, թոքաբորբը, մինչև զարգացման բնածին արատներ ու հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություններ:  Այդ բազմազան խնդիրներին լուծում տալու համար բաժանմունքն ակտիվ աշխատում է «Արաբկիր» ԲՀ-ի  նեղ մասնագիտացված բոլոր բաժանմունքների հետ՝ երաշխավորելով բազմակողմանի մոտեցում երեխային և նրա հիվանդությանը։


Բաժանմունքի գործունեության համար, հատկապես վերջին տասնամյակներում, որպես օրինակ է ծառայում Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի համանման բաժանմունքը: Արդեն սովորություն դարձած և տարիներով ամրապնդված շվեյցարացի գործընկերների ամենամյա այցերը, նրանց հետ համատեղ համայցերը, բարդ կլինիկական դեպքերի քննարկումները և մասնագիտական փորձի փոխանակումը նպաստում են արդի բժշկության հետ համընթաց քայլելուն։ Բաժանմունքի բժիշկները մասնակցել են տարբեր միջազգային կոնֆերանսների, ինչպիսիք են Ավստրիայի OMI ամենամյա սեմինարները, Excellence in Pediatrics-ը, Europediatrics-ը: Բաժանմունքն ակտիվորեն մասնակցում է նաև կլինիկական օրդինատորների և բուժքույրերի կրթության և վերապատրաստման գործընթացներին: 


Բաժանմունքը համալրված է ժամանակակից բժշկության պահանջներին համապատասխան սարքավորումներով, բոլոր հիվանդասենյակներում առկա են թթվածնի կետեր, կատարվում է կենսական ցուցանիշների շուրջօրյա հսկողություն (պուլս, արյան հագեցվածությունը թթվածնով, շնչառության հաճախություն, մարմնի ջերմաստիճան): Այստեղ գտնվող ցանկացած երեխա գնահատվում է նաև զարգացման տեսանկյունից, տրվում են խորհուրդներ սնուցման, խնամքի վերաբերյալ: Մեր մասնագետները խրախուսում են կրծքով սնուցումը, բացատրում պրոֆիլակտիկ պատվաստումների իրականացման կարևորությունը:

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Կիսվել Facebook-ում