«Դպրոցահասակ երեխաների առողոջության վարքագիծ» միջազգային հետազոտությունն  (hbsc.org) ուղղված է դեռահասների առողջության և առողջական վարքագծի ուսումնասիրմանը, դրանց վրա ներազդող տարբեր առողջապահական, կրթական, սոցիալական, ընտանեկան և անձնային գործոնների բացահայտմանը: ԴԵԱՎՀ թույլ է տալիս ստանալ հավաստի և  ներկայացուցչական տվյալներ ազգային մակարդակում, համեմատել տարբեր երկրների ցուցանիշները, պլանավորել նպատակային միջամտությունների իրականացումը: ԴԵԱՎՀ-ն իրականացվում է 4 տարին մեկ՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո, աշխարհի 49 երկրներում:

          Պիլոտային ԴԵԱՎ հետազոտությունն անցկացվել է 2005թ.-ին, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ: 2007թ.-ին Հայաստանը դարձել է ԴԵԱՎ Եվրոպական ցանցի անդամ: 2009/2010, 2013/2014 և 2017/2018թթ.-ին անցկացվեցին լայնամաշտաբ ԴԵԱՎ հետազոտությունները 11, 13, 15 և 17 տարեկանների շրջանում, հրատարակվեցին տվյալների վերլուծության արդյունքները: Ստացված արդյունքները թույլ տվեցին պլանավորել և իրականացնել նպատակային ծրագրեր դպրոցական և դեռահասային առողջության ոլորտում:

          06.11.2019թ.-ին Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ-ի կողմից մասնագիտական հանրությանը ներկայացվեց «Հայաստանի Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» 2017/2018թթ.-ի ազգային հետազոտություն (ԴԵԱՎՀ) արդյունքների վերլուծությունը: Զեկույցի պաշտոնական ներկայացմանը մասնակցեցին ՀՀ ԱՆ, ԿԳՄՍ փոխնախարարները, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներ, HBSC միջազգային ցանցի համակարգող կենտրոնի ղեկավարը, UNESCO-ի ներկայացուցիչը:

          Նույն օրերին` նոյեմբերի 6-8-ին Երևանում անցկացվեց HBSC միջազգային ցանցի հերթական հանդիպումը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 40 երկրներից 95 հետազոտողներ Եվրոպայի, Միջին Ասիայից, Իսրայելից և Կանադայից:

          2017/2018 թթ.-ի հետազոտությունը իրականացվել է  Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ: Արդյունքների ներկայացմանը աջակցում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը:

          Հետազոտությունը ներառել է 254 տվյալ, որոնք վերաբերում են ֆիզիկական և հոգեկան առողջությանը, սննդային սովորույթներին, ֆիզիկական ակտիվությանը, ազատ ժամանցին, ծնողների և ընտանիքի հետ կապվածությանը, ընկերների հետ հաղորդակցմանը, որոշ առողջապահական գիտելիքների առկայությանը, ռիսկային վարքագծինը: Ընդհանուր առմամբ, 11-15 տարիքային խմբերում հետազոտվել է հանրապետության 167 դպրոցի 4717 աշակերտ, 17 տ.-ի շրջանում`1175 աշակերտ:

          Հետազոտությունը բացահայտեց դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողջության մի շարք խնդիրներ` կապված սննդային վարքագծի և նստակյաց սովորությունների հետ, 15-17 տարեկան հասակում կտրուկ աճում է ծխախոտի օգտագործումը` այս ամենը նպաստում է Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների տարածմանը: Հայ դեռահասները առանձնանում են դպրոցի նկատմամբ լավ վերաբերմունքով, կյանքից բարձր բավարավածությամբ, ուրույն պատկեր ունի ընտանիքի մթնոլորտը: Գրանցվում են հոգեկան առողջության խնդիրներ, առկա է միջանձնային բռնության երևույթը: Նախորդ հետազոտությունների համեմատությամբ արձանագրվել են ինչպե՛ս դրական, այնպե՛ս էլ որոշ բացասական միտումներ:

          Հետազոտության արդյունքները մատնանշում են Հայաստանում երեխաների և դեռահասների շրջանում հանրային առողջապահական ծրագրերի իրագործման կարևորությունը և առավել արդիական ուղղությունները:

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել