Մարտի 21. Դաունի համախտանիշի համաշխարհային օր
21 մարտ 2024

Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է
 

Բժշկական օրացույցում այս օրն առանձնացվել է 2011թ-ից` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Նպատակը` բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը Դաունի համախտանիշի մասին եւ բարձրաձայնել այդ համախտանիշն ունեցող մարդկանց իրավունքները: Այս տարի օրվա կարգախոսն է` «Վերջ դնել խարանին ու խտրականությանը»: Աշխարհի շատ երկներում Դաունի համախտանիշի օրվա առիթով իրականացվող ամենատարածված ֆլեշմոբը գունավոր գուլպաներով փողոց դուրս գալն ու կարծրատիպեր կոտրելն է` լինելով այնպիսին, ինչպիսին ոչ բոլորն են:
 

Օրվա ընտրությունը պատահական չի կատարվել` 21.03. բանն այն է, որ Դաունի համախտանիշի հիմքում մարդու 21-րդ քրոմոսոմի եռակի լինելն է. սովորաբար քրոմոսոմները լինում են երկու կրկնօրինակով, այս դեպքում դրանք երեքն են, ինչի հետեւանքով քրոմոմոսոմների ընդհանուր թիվը ոչ թե 46 է լինում, այլ 47: Եվ հենց 47-րդ քրոմոսոմն էլ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց յուրօրինակ եւ ճանաչելի է դարձնում:
 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Դաունի համախտանիշով է ծնվում յուրաքանչյուր 1000 կամ 1100 երեխայից մեկը: Քանի որ այս համախտանիշը չի ճանաչում ազգություն, սեռ, մաշկի գույն, բնակության վայր կամ այլ տարբերակիչներ, հետեւաբար ենթադրվում է, որ ԱՀԿ-ի նշած այդ թիվը տարածվում է բոլոր երկրների վրա, այդ թվում` Հայաստանի, որտեղ չկա հստակ վիճակագրություն Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց վերաբերյալ:
 

Մեր երկրում գործում են Դաունի համախտանիշ ունեցող երեխաների եւ մեծերի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ, որոնք նպատակ ունեն նպաստել նրանց ներառմանը, կարողությունների զարգացմանն եւ իրավունքների պաշտպանությանը: Իսկ բժիշկները, նրանց մեջ եւ «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները, իմանալով Դաունի համախտանիշի բժշկական կողմերը, օրինակ, հակվածություն սրտային, շնչառական, լսողական եւ մարսողական խնդիրների նկատմամաբ, Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց ուշադրության կենտրոնում են պահում` ելնելով հենց այս կետերից եւ, իհարկե, վերականգնողական աջակցությունից` զարգացնելով նրանց ֆիզիկական հմտությունները:
 

#ԴաունիՀամախտանիշիՀամաշխարհայիՕր #WorldDownSyndromeDay #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ