Ինչպե՞ս դիմել

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կարող են դիմել բոլոր ցանկացողները` առաջնորդվելով հետևալ կետերով: 


1.  Շտապ և անհետաձգելի դեպքերի համար շուրջօրյա աշխատում է «Արաբկիր» բժշկական համալիրի ընդունարանը` «Ընդունարան և անհետաձգելի բժշկական օգնություն» բաժանմունքը: Օրինակ, երբ երեխան բարձր ջերմություն ունի, թուլություն, գիտակցության մթագնում կամ կորուստ, սուր ցավեր մարմնի որևէ հատվածում, և Դուք կանչել եք «Շտապ օգնություն», բժիշկը եզրահանգել է, որ երեխային պետք է շտապ ստացիոնար բուժօգնություն ցույց տալ: Հնարավոր է «Շտապ օգնություն» չեք կանչել, բայց ինքներդ տեսնում եք, որ երեխայի վիճակը նման է վերոնշյալին, կարող եք հենց ինքներդ բերել նրան «Արաբկիր» ԲՀ` «Ընդունարան»:  Նման դեպքերում ուղեգրի և նախապես հերթագրվելու կարիք չկա:


2.  Եթե երեխան բժշկական օգնության և սպասարկման կարիք ունի, սակայն նրա վիճակը չի գնահատվում որպես շտապ և անհետաձգելի օգնության կարիք ունեցողի, «Արաբկիր» ԲՀ կարող եք դիմել որպես պլանային այցելություն, որի համար պետք է ունենալ համապատասխան ուղեգիր: Ուղեգրեր հատկացնում են առողջության առաջնային օղակի` պոլիկլինիկաների բժիշկները: Ուղեգրերը կարող են տրվել

  • նեղ-մասնագիտական խորհրդատվության համար,
  • ախտորոշման ճշտման նպատակով,
  • հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների համար, 
  • հիվանդանոցային բուժօգնության նպատակով:

Ուղեգրերն ուղարկվում են առողջապահական էլեկտրոնային համակարգով, առայժմ միայն 1-ին տեսակի՝ նեղ-մասնագիտական խորհրդատվության համար տրվող ուղեգրերն են շրջանառվում թղթային տարբերակով:

 

Ուղեգրի վրա համապատասխան նշում կատարում է պոլիկլինիկայի բժիշկը, ինչը հստակ ցույց է տալիս, թե ինչի համար այն կարող է կիառվել բժշկական համալիրում: Տրված ուղեգիրը գործում է տրվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Ուղեգիրը վերցնելուց հետո պետք է զանգեք համապատասխան բաժին և հերթագրվեք: Բժշկական համալիր գալիս անպայման վերցրեք նաև երեխայի ծննդյան վկայականի պատճենը և ծնողներից որևէ մեկի անձնագրի պատճենը, որպեսզի գրանցում կատարվի: 


3.  Եթե երեխան «Արաբկիր» ԲՀ-ում դիսպանսեր վերահսկողություն է անցնում՝ համաձայն Առողջապահության նախարարության սահմանած տարեկան այցելությունների մասին սխեմաների, և դուք նրան պարբերաբար բերում եք «դիսպանսեր» կաբինետ, անպայման զանգեք- հերթագրվեք, հետո եկեք` խնայելով Ձեր և բժշկի ժամանակը:


4.  Եթե Դուք նախընտրում եք պլանային այցով դիմել «Արաբկիր» ԲՀ` առանց պոլիկլինիկայի մանկաբույժի  կամ տեղամասային թերապևտի ուղեգրի, պետք է վճարեք Ձեր փոքրիկի բժշկական օգնության և սպասարկման համար` պետության կամ ապահովագրական ընկերության փոխարեն: Սակայն այս դեպքում նույնպես պետք է նախապես հերթագրվեք: Վճարելը չի ազատում հերթագրումից: 


5.  «Արաբկիր» ԲՀ-ը սպասարկում է նաև մեծահասակներին: Այս դեպքում ծառայությունները մատուցվում են հիմնականում վճարովի հիմունքներով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Կան հետազոտություններ և միջամտություններ, որոնց համար պետությունն ուղեգիր չի տալիս: Նման դեպքերում ծառայության համար պետք է վճարեն պացիենտը կամ նրա հարազատները` սեփական միջոցներով կամ, եթե ապահովագրված է,  ապահովագրական ընկերության միջոցով: 
  • Պետպատվերով բժշկական ծառայություններ մատուցվում են միայն ՀՀ քաղաքացիներին: 
Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Առաջին անգամ Հայաստանում «Արաբկիր» ԲՀ-ի թիմը Վադա թեստ է կատարել
«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարեւոր հետազոտություն` Վադա թեստ /Wada test/:   Թեստի նպատակը դոմինանտ կիսագունդը որոշելն է, ինչն անհրաժեշտ է վիրահատության ժամանակ խոսքի, հիշողության եւ շարժողական կենտրոնները չվնասելու համար: Հետազոտությունն իրականացնում է նյարդավիրաբույժների, նյարդաբանների, անեսթեզիոլոգների, ԷԷԳ-տեխնիկների եւ զարգացման գնահատողների /մանկաբույժների/ թիմը: Թեստի առաջին կատարումն «Արաբկիրում» ղեկավարել են նյարդավիրաբույժ Սեւակ Բադալյանը, անեսթեզիոլոգներ Աղավնի Համբարձումյանն ու Վահե Խառատյանը, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը, ԷԷԳ-տեխնիկ Թամարա Արասխանյանը, զարգացման մանկաբույժ Իրինա Թովմասյանը:   Պացիենտը 11 տարեկան է, կառուցվածքային ֆոկալ էպիլեպսիա ախտորոշումով, էպիլեպտիկ ցնցումներ է ունենում ամենօրյա հաճախականությամբ: Թեստն իրականացվել է միջազգային ուղեցույցներով հաստատված անեսթետիկ նյութով, նյարդաբանական եւ զարգացման գնահատման ընդունված չափորոշիչներով:   Հետազոտության սկզբում կատարվել է գլխուղեղի անգիոգրաֆիա` գլխուղեղի անոթային ծառի հնարավոր առանձնահատկությունները որոշելու նպատակով: Գործողության հիմնական փուլն սկսվել է ներքին քներակի մեջ անեսթետիկ նյութի ներարկումով, որ կատարում են նյարդավիրաբույժները: Բուն թեստավորումն սկսվել է ներարկման պահից հինգ րոպեների ընթացքում: Վադա թեստի ամբողջ ընթացքում իրականացվել է ԷԷԳ մոնիտորինգ, ինչը թույլ է տալիս որոշել թեստավորման սկիզբն ու ավարտը: