Առողջության մասին
Պարբերական հիվանդության մասին22 ապրիլ 21
Նմանատիպ հոդվածներ
Երևանում կանցկացի կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողով
08 ապրիլ
Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողովը արդեն 4-րդ անգամ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում կհամախմբի նյարդաբաններին, նյարդավիրաբույժներին, անեսթեզիոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտների առաջատար մասնագետներին:Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր`
էպիլեպսիայի բուժման ժամանակակից մոտեցումները,կլինիկական և ախտորոշիչ հեռանկարները,էպիլեպսիայի ախտորոշման ժամանակ ԷԷԳ-ի դերը,թերապևտիկ առաջընթացը,նախավիրահատական շրջանում օջախների ախտորոշման մարտահրավերները,հետվիրահատական շրջանում դեղորայքային բուժման դադարեցման ճիշտ ժամանակը։Կլինեն նաև գիտաժողովի խորագրին առնչվող այլ հարցեր։Տրվելու են ՇՄԶ կրեդիտներ:Մասնակցության վճարը 25.000 ՀՀ դրամ է:
Գրանցումները՝ շուտով։Հանդիպում ենք 2026 թվականի մայիսի 21–22-ին` ժամը 08:30–18:00-ը, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տուշպա» սրահում։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ի՞նչ է էպիլեպսիան, և այսօր` մանուշակագույն օրը, հանրային իրազեկման ի՞նչ միջոցառումներ են իրականացվում
26 մարտ
«Կենտրոն» հեռուստաընկերության «Լույս առավոտ» հաղորդման հյուրերն են «Արաբկիր» բժշկական համալիրի մեծահասակների նյարդաբան, նեյրոֆիզիոլոգ Լուսինե Վարդանյանը, «Կյանքի ճանապարհ» բարեգործական-հասարակական կազմակերպության հիմնադիր ու ղեկավար Ելենա Բաղդասարյանը և հոգեբանական աջակցության ծրագրերի ղեկավար Մարիամ Արզումանյանը:
Կյանքը շարունակվում է …
29 հոկտեմբեր 25
Նարինեն է` հերոս աղջնակը, ով ՀՀ առողջապահության նախարարություն տրամադրած պետական պատվերի, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքի և բժշկական մեծ թիմի ջանքերի շնորհիվ կարողացավ հետևում թողնել առողջական լուրջ մարտահրավերներն ու այսօր արդեն կարողանում է լիաթոք ժպտալ ու քայլ առ քայլ վերադառնալ բնականոն կյանքին…Ութ տարեկան աղջկա մոտ ախտորոշվել էր լյարդի աջ և ձախ բլթի հեպատոբլաստոմա կոչվող չարորակ ուռուցքը: Չափերով մեծ ուռուցքը ներառում էր լյարդի աջ, մասամբ նաև ձախ կեսը: Նախավիրահատական քիմիաթերապիա ստանալու ընթացքում` 2025 թվականի հուլիսի 6-ին, ծանր թոքաբորբի և միոկարդիտի պատճառով երեխան տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական համալիր և 15 օր բուժում ստացել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Երեխայի բուժման հետագա մարտավարությունը որոշելու համար բժշկական համալիրի մասնագիտական թիմը իրականացրեց բազմակողմանի հետազոտություններ: Ստացված տվյալները քննարկվեցին Բելառուսի վիրաբույժ-տրանսպլանտոլոգների և ճապոնացի առաջատար մասնագետների հետ: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ երեխայի կյանքը փրկելու համար պետք է շտապ իրականացնել լյարդի փոխպատվաստում: Դոնորը Նարինեի հայրն էր։
Միևնույն ժամանակ նշում էին, որ հնարավոր է նաև իրականացնել լյարդի ընդլայնված մասնահատում: Սակայն դա տեխնիկապես դժվար մոտեցում էր, քանի որ ուռուցքը ախտահարել էր լյարդի աջ բիլթն ու ձախից որոշ սեգմենտներ: Բարդ, բայց ավելի ցանկալի տարբերակ էր սա, քանի որ հնարավոր կլիներ պահպանել երեխայի օրգանի մի մասը:
«Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմը Մինսկի մասնագետների հետ միասին պատրաստվեցին զուգահեռաբար երկու սցենարներին էլ. Եթե հնարավոր չլիներ պահպանել երեխայի սեփական օրգանի մի մասը, ապա կիրականացվեր լյարդի բլթի փոխպատվաստում:
Ս. թ. սեպտեմբերի 28-ին կատարվեց վիրահատությունը, իրականացվեց ընդլայնված հեմիհեպատէկտոմիա՝ պահպանելով սեփական լյարդի մոտ 30%-ը, թեև երեխայի հայրը միաժամանակ պատրաստ էր հարևան վիրահատարանում, անհրաժեշտության դեպքում փոխպատվաստում կատարելու համար։ Երեխան մնաց իր սեփական օրգանի հետ առանց ուռուցքի ախտահարման հատվածների, որը հաջողվեց հեռացնել:
Արտասահմանյան գործընկերների գնահատմամբ նման վիրահատությունը իրականացնելը շատ ավելի բարդ է, քան հենց տիպիկ փոխպատվաստումը:
Վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց, սակայն հետվիրահատական շրջանում զարգացավ սուր լյարդային անբավարարություն՝ պահպանված օրգանի փոքր չափերի և հյուսվածքների այտուցվածության պատճառով։ «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկները առաջին օրերին բախվեցին լուրջ դժվարությունների, սակայն հմտությամբ կազմակերպեցին լյարդի ֆունկցիան փոխարինող ինտենսիվ թերապիա և դուրս բերեցին աղջկան այս վտանգավոր վիճակից:
Լայն ժպիտով ու մեծ հավատով փոքրիկ Նարենեն վստահ է, որ շատ շուտով կկարողանա տուն վերադառնալ և իրականացնել իր բաղձալի երազանքը: Այս պատմությունը բժշկական արհեստավարժ խմբի հերթական սխրանքի դրսևորումն է:
Նարինեն հիվանդանոցում եղած օրերին նկարել է «Արաբկիր» բժշկական համալիրը և ինքնաթիռը` որով իրեն օգնություն ցուցաբերելու համար ժամանել էին Բելառուսի մասնագետները:
Ռիչարդ Բաբայանը այցելել է «Արաբկիր» բժշկական համալիրի, եղել Էդգար Հուսեփյանի անունը կրող էպիլեպտոլոգիական դիսպանսերում
01 հոկտեմբեր 25
«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար պրոֆեսոր Արա Բաբլոյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հոգաբարձուների խորհրդի անդամ բժիշկ Ռիչարդ Բաբայանին, Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին, առողջապահության և սոցիալական ծրագրերի համակարգող Առնո Հովհաննիսյանին: «Արաբկիր» բժշկական համալիրի և ՀՕՖ-ի համատեղ գործակցության շնորհիվ տասնամյակների ընթացքում կյանքի են կոչվել առողջապահական բազմաթիվ ծրագրեր:Այցի ընթացքում հյուրերը շրջել են հիվանդանոցում, եղել են էպիլեպտոլոգիական դիսպանսերում, որի հսկողության և բուժման տակ են գտնվում 4150 բուժառուներ։ «Արաբկիր» բժշկական համալիրում գործող էպիլեպտոլոգիայի կենտրոնը առաջատարներից մեկն է տարածաշրջանում, որը տրամադրում է էպիլեպսիայի առաջադեմ բուժում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Կենտրոնը կրում է Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանի, Պրեսբիտերյան հիվանդանոցի միջազգային ճանաչում ունեցող նյարդավիրաբույժ պրոֆեսոր Էդգար Հուսեփյանի անունը։«Պրոֆեսոր Հուսեփյանը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ՀՀ առողջապահության ոլորտում»,- հանդիպման ընթացքում նշեց Արա Բաբլոյանը: Նրա առավել ակտիվ գործունեությունը սկսվել է 1988 թ. երկրաշարժից հետո: Որպես ՀՕՖ բժշկական ծրագրերի համակարգող՝ պրոֆեսոր Հուսեփյանը կազմակերպել է մոտ 100 հայ բժիշկների վերապատրաստումը Միացյալ Նահանգներում։Հպարտությամբ կարող ենք նշել, որ մասնագիտական շարունակական զարգացման ժամանակակից մոդելի ներդրումը Հայաստանում հնարավոր դարձավ հենց Էդգար Հուսեփյանի թողած հարուստ ժառանգության շնորհիվ։ Ներկաները բարձր են գնահատել մեծ հայի և վաստակաշատ մասնագետի կյանքն ու անցած ճանապարհը: Հանդիպումը եզրափակվեց կլոր սեղան քննարկումով, որին մասնակցել են նաև Հայ օգնության ֆոնդի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի մասնակիցները՝ հանրապետության տարբեր մարզերի բուժհաստատություններից, ինչպես նաև ՀՕՖ–ի բժշկական շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Արմինե Հակոբյանը և նախագահության անդամ Բելլա Գրիգորյանը:«ՀՕՖ-ը այն եզակի կազմակերպություններից է, որ 1988 թվականից սկսած ծավալելով գործունեություն` իր առջև դրել է հստակ նպատակներ` զարգացնել Հայաստանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներն ու մարզերը և գնում է դրանք իրագործելու ճանապարհով»,-հանդիպման ավարտին ընդգծել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը:Կողմերը լիահույս են, որ գործակցությունը լինելու է շարունակական:
Պարգևատրվել են նաև «Արաբկիրի» բժիշկները
21 հունիս 25
🩺 Հունիսի 21-ին Գյումրիում տեղի ունեցավ ՀՀ Առողջապահության նախարարության և Հայաստանի բժշկական հաստատությունների միություն ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ «Բուժաշխատողների օրվան» նվիրված «Շնորհակալություն, բժի՛շկ» խորագրով տոնական միջոցառումը։
🏆 Միջոցառման շրջանակներում առողջապահության նախարարի կողմից պարգևատրվեցին բժիշկներ, որոնց շարքերում էին նաև «Արաբկիր» ԲՀ-ի բացառիկ մասնագետներից.
🔹 Լիլիթ Վարդանյանը՝ մանկաբույժ, «Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքի ղեկավար։
🔹 Իրինա Թովմասյանը՝ զարգացման մանկաբույժ, Զարգացման մանկաբուժության ծառայության ղեկավար։
🎉 Շնորհավորում ենք մեր հրաշագործ բժիշկներին՝ այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ իրենց դժվարին աշխատանքում։
ԱՀԿ ձեռնարկ. երեխաների և դեռահասների առաջնային բուժօգնություն
24 մարտ 22
Հարգելի բժիշկներ, այս հղումով կարող եք անցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրատարակած մանկաբուժական ուղեցույցների վերջին մեծ ձեռնարկի էջ:
https://www.euro.who.int/en/publications/abstracts/pocket-book-of-primary-health-care-for-children-and-adolescents-guidelines-for-health-promotion,-disease-prevention-and-management-from-the-newborn-period-to-adolescence-2022
Ձեռնարկը ներառում է 0-18 տարեկան երեխաների շրջանում առավել տարածված հիվանդությունների վարումը, նորածնային խնամքը, վաղ մանկական զարգացման և սնուցման հարցերը, դեռահասների առողջությունը, հոգեկան առողջության հարցերը:
Ձեռնարկի մշակման աշխատանքներին որպես համախմբագիր մասնակցել է մեր գործընկեր, «Արաբկիր» բժշկական համալիրի «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ստորաբաժանման ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԱՆ մանկաբուժական գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը: