Գլխավոր
Նորություններ
Արցախցի փոքրիկն «Արաբկիր» ԲՀ-ում է

Արցախցի փոքրիկն «Արաբկիր» ԲՀ-ում է

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տարեկան երեխան, որին ռուս խաղաղապահների միջոցով Արցախից ուղղաթիռով Հայաստան են տեղափոխել այսօր կեսօրին, ընդունվել է «Արաբկիր» բժշկական համալիր:
 

Նշենք, որ երեխան Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հանրապետական հիվանդանոց էր ընդունվել մի քանի օր առաջ՝ տոնզիլիտով և ցանով, ընդունվելուց մի քանի օր հետո բժիշկները փոքրիկի մոտ նկատել են քնկոտություն և տարօրինակ, ակամա շարժումներ: Նրանք կապ են հաստատել «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության իրենց գործընկերների հետ՝ մասնագիտական խորհրդատվության նպատակով: Արցախում այս պահին մանկական նյարդաբաններ չկան և մասնագիտական մշտական կապը «Արաբկիր» բժիշկների հետ պահպանվում է հեռահար կապի հնարավոր բոլոր միջոցներով:

Մի քանի տեսազանգերից և հեռակա դիտարկումներից հետո որոշվել է, որ պետք է անպայման մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա կատարել, քանի որ կասկած էր առաջացել, որ վիրուսը ներթափանցել է նյարդային համակարգ, ախտահարել գլխուղեղը՝ առաջացնելով վիրուսային էնցեֆալիտ: Արցախի բժշկների թիմը հրատապ կազմակերպել է հետազոտությունն ու ախտորոշումը հաստատվել է: Սակայն հետագա ավելի մանրամասն ախտորոշումը, որը կպարզեր, թե կոնկրետ որ վիրուսն է առաջացրել այդ խնդիրը, հնարավոր չի եղել, քանի որ Արցախի ճանապարհն արդեն մեկ շաբաթից ավել է՝ ամբողջովին փակ է, իսկ հատուկ վիրուսային այդ թեստերն արվում են միայն Հայաստանում: Բուժումը նույնպես հնարավոր չէ կազմակերպել Արցախում, քանի որ այս պահին Ստեփանակերտում չկան բավարար քանակի անհրաժեշտ դեղեր: Երեխայի առողջական վիճակը փաստացիորեն վտանգված էր, հատկապես այն պարագայում, որ ՄՌՏ-ով բացահայտվել է մեկ այլ լուրջ խնդիր ևս. բացի բորբոքումից երեխայի ուղեղում նկատվել է նաև արյունազեղում: Արցախի բժիշկները հրատապ և անձնվիրաբար արել են հնարավոր առավելագույնը՝ երեխայի վիճակը վերակենդանացման բաժանմունքում կառավարելու համար, սակայն այն, այնուամենայնիվ, օր օրի ծանրացել է, պարզ է դարձել, որ այդ ծանրությամբ երեխան չի կարող կառավարվել շրջափակված Ստեփանակերտում, պետք է նրան տեղափոխել Երևան: Տեղափոխման կազմակերպումը ձգվել է ևս 24 ժամ, որի ընթացքում երեխայի վիճակն ավելի է վատացել, նրա մոտ սկսվել են ցնցումներ և նշանակվել է հակացնցումային դեղորայք:
 

Երեխան ուղղաթիռով Արցախից տեղափոխվել է Սիսիան: Սիսիանից Երևան նրան տեղափոխել է «Արաբկիր» բժշկական համալիրի ռեանիմացիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի թիմը՝ հատուկ կահավորված ռեանիմոբիլով: Այս պահին փոքրիկը գտնվում է հետազոտության փուլում՝ նախապես դրված ախտորոշումն ավելի հստակեցնելու և բուժման հետագա տակտիկան որոշելու համար:

Վերջին նորություններ
Ամանորի հեքիաթը լիարժեք չէր լինի առանց այս ժպիտների
02 հունվար
Հունվարի 1-ին հեռավոր Լապլանդիայից «Արաբկիր» բժշկական համալիր էր ժամանել Ձմեռ պապիկը՝ լի պարկով և անակնկալ նվերներով։ Ամենուր հեքիաթային մթնոլորտ էր տիրում։ Փոքրիկներն այս պահի մասին հաստատ երազել էին։ Ձմեռ պապիկի հետ այս հանդիպումը նրանք կպահեն իրենց ամենավառ հիշողություններում…
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...
30 դեկտեմբեր 25
Հարգելի՛ գործընկերներ, բուժառունե՛ր և սիրելի՛ հայրենակիցներ, ավարտվում է 2025 թվականը: Տարի, որը «Արաբկիր» բժշկական համալիրի համար նշանավորվեց մասնագիտական հերթական ձեռքբերումներով և կարևոր հաջողություններով։Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորում ենք բոլորիս՝ մաղթելով առողջություն, կայունություն և նոր հաջողություններ։ Թող 2026 թվականը դառնա նոր հնարավորությունների, շարունակական զարգացման և առաջընթացի տարի։ Մաղթում ենք, որ յուրաքանչյուրի ընտանիքում տիրեն սերը, հոգատարությունն ու համերաշխությունը, իսկ մեր հայրենիքում՝ անվտանգությունն ու կայուն զարգացումը։ Եղե՛ք քաջառողջ, բայց նաև իմացե՛ք առողջական այս կամ այն մարտահրավերը հաղթահարելի է. չէ՞ որ Հիպոկրատի երդվյալները օր ու գիշեր աշխատում են, որ դուք և ձեր երեխաները լինեն ապահով ձեռքերում: Հիշե՛ք «Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջության վստահելի գործընկերն է ` երեկ, այսօր և ընդմիշտ:
Տարին ամփոփում ենք վերհիշելով ու ներկայացնելով ուշագրավ դեպքերը
29 դեկտեմբեր 25
Ձևավորված ավանդույթի համաձայն` այս տարի ևս «Արաբկիր» բժշկական համալիրի Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն, բժիշկներին մեկ հարկի տակ էր հավաքել. Ներկայացվելու էին տարվա ուշագրավ դեպքերը: Տարին ամփոփելու այս սովորույթը ձևավորվել է տարիներ առաջ և տվել հնարավորություն կոլեգաներին ներկայացնել սեփական փորձառության եզակի պաթոլոգիները, բուժման մեթոդները, պատասխանել գործընկերներին հուզող հարցերին: Ներկայացված դեպքերը փաստում են, որ բժշկությունը միայն գիտելիք չէ, այլև հմտություն է, հոգատարություն, թիմային ոգի և անմնացորդ նվիրում։ Եվ հենց այս արժեքների շնորհիվ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ շարունակում է մնալ, որպես ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ:
«Արաբկիր» ԲՀ֊ն միակն է, որտեղ համապարփակ ծառայություններ են մատուցվում երիկամային խնդիրներ ունեցող մարդկանց համար
25 դեկտեմբեր 25
168.am-ի տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի մեծահասակների երիկամաբանության ծառայության բժիշկ Նանե Ալեքսանյանը պատասխանել է երիկամային մի շարք խնդիրների, դրանց կանխարգելման և բուժման մեթոդներին վերաբերող հարցերին։Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ֊ն միակն է, որտեղ համապարփակ ծառայություններ են մատուցվում երիկամային խնդիրներ (ախտորոշիչ, բուժական, երիկամ փոխարինող թերապիա՝ ծրագրային հեմոդիալիզ և երիկամի փոխպատվաստում) ունեցող մարդկանց համար: Բժիշկ Ալեքսանյանը խոսել է նաև այդ մասին։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲՀ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Սպինալ մկանային ատրոֆիա. Բիայնա Սուխուդյան
19 դեկտեմբեր 25
Ի՞նչ է սպինալ մկանային ատրոֆիան, ինչպե՞ս է ախտորոշվում այս հիվանդությունը, ֆիզիոլոգիական ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: «Առողջ փոդքաստի» տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը պատասխանել է սպինալ մկանային ատրոֆիային վերաբերող այս և այլ հարցերի:
Կարևոր ձեռքբերում
18 դեկտեմբեր 25
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացված մանկական համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունների պրոտոկոլների պարամետրերի վերլուծության արդյունքում մեր ներկայացրած տվյալները МАГАТЭ-ի կողմից ճանաչվել են լավագույններից մեկը։ Սա հիմք է հանդիսացել միջազգային հեղինակավոր ամսագրում գիտական հոդվածի հրապարակման համար, որի համահեղինակ է «Արաբկիր» ԲՀ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը: