«Արաբկիր» բժշկական համալիրը անցել է միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության սերտիֆիկացում
12 մարտ
Որակի կառավարման համակարգի և Աշխատանքի անվտանգության և առողջության պաշպանության կառավարման համակարգի պահանջների ներդրման և ապահովման համար «Արաբկիր» բժշկական համալիրը անցել է ISO 9001:2015 և ISO 45001:2018 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության սերտիֆիկացում։
«Արաբկիր» ԲՀ տնօրեն Արման Բաբլոյանը, կարևորելով այս ձեռքբերումը, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում հետևողական աշխատանքի և արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ հասնել այս հաջողությանը։
«Սա մեծ պատասխանատվություն է, որը, վստահեցնում ենք, արժանիորեն շարունակելու ենք»,– նշեց Ա. Բաբլոյանը։
Որակի կառավարման փորձագետ Գագիկ Մակարյանի խոսքով որպես բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություն՝ «Արաբկիր» բժշկական համալիրը առանձնանում է բարձր որակով ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:
«Արաբկիր» ԲՀ-ն՝ որպես որակի կառավարման բարձր չափորոշիչներին համապատասխանող սերտիֆիկացված կազմակերպություն, գրանցվել է միջազգային ռեգիստրում։
Բժշկական համալիրի Որակի կառավարման և ապահովման բաժնի ղեկավար Հերմինե Ներսիսյանը նշում է. «Որակի կառավարման համակարգը դինամիկ է, ուստի դա մեզ պարտավորեցնում է ամենօրյա պատշաճ աշխատանքով ավելացնել եղած ձեռքբերումները՝ որակի կառավարման համակարգը էլ ավելի կատարելագործելու համար»։
Այս կարևոր ձեռքբերումը խոսուն վկայությունն է նրա, որ «Արաբկիր» բժշկական համալիրը աչքի է ընկնում իր բարձր որակով, պատասխանատու աշխատանքով և բժշկական ծառայությունների ոլորտում ունեցած առաջատար դիրքով։