«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Արաբկիր» բժշկական համալիրը 6-օրյա դասընթացներ են անցկացրել Արմավիրի և Լոռու մարզերի առողջության առաջնային պահպանման օղակի մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և բուժքույրերի համար` «Երեխայի զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման և միջամտության հիմունքներ» թեմայով:
Նպատակը` բարելավել ավագ և միջին բուժանձնակազմի գիտելիքներն ու հմտությունները` երեխայի զարգացման գնահատման, այս նպատակով Առողջապահության նախարարության չափորոշիչներով հաստատված քարտերի կիրառման, զարգացման հապաղումների վաղ հայտնաբերման ու միջամտությունների կազմակերպման ուղղությամբ:
Դասընթացները վարել են երեխայի զարգացման ոլորտում փորձառու մանկաբույժներ, զարգացման մանկաբույժներ և վերականգնողաբաններ: Մասնակցել է 325 բուժաշխատող: Նրանք ստացել են Առողջապահության նախարարության հաստատած ՇՄԶ տեսական և գործնական կրեդիտներ, ինչպես նաև ձեռնարկ` «Երեխայի զարգացումը, զարգացման հապաղումները և վաղ միջամտության հիմունքները» թեմայով:
Կազմակերպվում են նաև մշտադիտարկման աջակցային այցեր` դասընթացի գիտելիքներն անմիջապես պրակտիկայում կիրառելու և ծագող հարցերը փորձագետների հետ քննարկելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ, Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» ծրագրի շրջանակում:
Առողջության մասին
Մարզային վերապատրաստումներ. երեխաների զարգացում եւ զարգացման խանգարումներ29 հունիս 23
Վերջին նորություններ
Հակաբիոտիկներով ինքնաբուժության թաքնված ռիսկերը
22 նոյեմբեր
Համաշխարհային առողջապահական կարևորագույն մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ հակամանրէային դեղերի պատեհ-անպատեհ կիրառումը։
«Արաբկիր» ԲՀ շնչառական բժշկության և ալերգոլոգիա-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը նշում է. «Ճիշտ է, մարդկությունն ունի հակամանրէային դեղեր, սակայն մենք այսօր կանգնած ենք չափազանց լուրջ վտանգի առաջ. հնարավոր է` բակտերիալ ամենահասարակ վարակից մարդը այլևս չկարողանա պաշտպանվել և մահանա»։
Նոյեմբերի 20-ը Մանկաբույժների միջազգային օրն է
21 նոյեմբեր
Մանկաբույժների միջազգային օրը թեև պաշտոնապես հաստատված տոն չէ, բայց տարածված է ողջ աշխարհով: Այն կապվում է Երեխաների համաշխարհային օրվա հետ, որն ամենամյա տոն է և նշվում է նոյեմբերի 20-ին. 66 տարի առաջ հենց այս օրը Միացյալ ազգերի կազմակերպությունն ընդունել է «Երեխաների իրավունքների պաշտպանության» հռչակագիրը։
Մանկաբուժությունը «Արաբկիր» բժշկական համալիրի հենասյուներից մեկն է: Հարգելի՜ մանկաբույժներ, ի սրտե շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ: Ձեր անմնացորդ նվիրումն ու ջերմությունը անգնահատելի են երեխաների առողջության պահպանման և ոլորտի կատարելագործման գործում:
Շնորհակալ ենք ձեր կարևոր ու անփոխարինելի աշխատանքի համար։
Մանկաբուժության ոլորտում ներդրվում են արդի գործիքներ
19 նոյեմբեր
SWYC ստուգաթերթերը լրացնելով՝ մանկաբույժները կարող են նախապես հայտնաբերել խնդիրները և արդյունավետ վերահսկել երեխայի առողջ զարգացումը։
Ծրագիրը փորձնական տարբերակով ներդրվել է ՀՀ երեք մանկական առաջնային օղակի հաստատություններում, որտեղ այս գործիքի միջոցով ստուգվել են հարյուրավոր երեխաներ։ Գնահատման այս նոր մեթոդը արժանացել է թե’ բժիշկների, թե’ ծնողների հավանությանը։
Նոյեմբերի 14-ը շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
14 նոյեմբեր
Ի պատիվ կանադացի գիտնականի` 2007 թվականից նրա ծննդյան օրը հռչակվեց որպես շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր: Գիտնականը, առաջին անգամ ինսուլին ներարկելով, փրկել էր 14-ամյա տղայի կյանքը։ Շաքարախտի վերաբերյալ մարդկանց հուզող հարցերը շատ են: Տարածված մտահոգություններին անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար Իրինա Մարությանը:Մրգերի շաքարը նույնքան վնասակա՞ր է, որքան սպիտակ շաքարը:Ո՜չ, սպիտակ շաքարը ավելի վնասակար է, քանի որ մրգի շաքարը հիմնականում ֆրուկտոզա է: Եթե չափով օգտագործենք ճիշտ ժամերին` ըստ ինսուլինի ազդեցության, վնասակարությունը էականորեն կնվազի:Ճի՞շտ է, որ շաքարախտը միայն ավել քաշ ունեցող մարդկանց մոտ է ախտորոշվում:Ո՜չ։ Մենք տարբերում ենք դիաբետի երկու տիպեր` առաջին և երկրորդ։ Առաջինը հանդիպում է երեխաների մոտ։ Դա աուտոիմուն խնդիր է։ Ինչ խոսք, ցանկալի է, որ ավել քաշ չունենան, բայց այս պարագայում քաշը որևէ նպաստող գործոն չէ հիվանդության առաջացման համար։ Երկրորդ տիպի պարագայում հավելյալ քաշը մեծացնում է առաջացման հավանականության ռիսկը։Դիաբետը չի բուժվում, բայց կարո՞ղ է լիովին վերահսկվել:Այո՜, այն բուժելի չէ, բայց կարելի է լիովին վերահսկել:Արդյոք սթրեսը բարձրացնում է արյան շաքարը:Շաքարախտ ունեցող մարդկանց մոտ սթրեսը կարող է բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և վատացնել շաքարախտի ընթացքը:Էնդոկրինոլոգ Իրինա Մարությանը հորդորում է հետևել մարմնի քաշին, ֆիզիկական ակտիվությանը և օգտագործել առողջ սնունդ: Վաղ ախտորոշումը նպաստում է հիվանդության վարման արդյունավետությանը: Շաքարային դիաբետը ոչ թե հիվանդություն, այլ ապրելակերպ է:
Երբ աշխատանքը կոչում է դառնում
13 նոյեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրի ուրոլոգ-վիրաբույժ Սերգեյ Բաբլոյանը «Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն էր: Նա խոսել է բժիշկ դառնալու որոշոման, առաջին վիրահատության, հոր` Արա Բաբլոյանի դերի, երիկամի փոխպատվաստման, կյանքն ու աշխատանքը համատեղելու մասին:
Նոյեմբերի 12-ը թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է
12 նոյեմբեր
Թոքաբորբի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով «Արաբկիր» բժշկական համալիրի թոքաբանական-մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Գևորգ Բոյաջյանը պատասխանում է ծնողներին հուզող տարածված հարցերին.
Արդյոք թոքաբորբը միայն ձմռանն է հանդիպում։Ո՜չ, ամռանն էլ կարող են հանդիպել թոքաբորբի ծանր դեպքեր, հաճախ նույնիսկ ավելի ծանր, քան ձմռանը:
Թոքաբորբով երեխաները միշտ ջերմո՞ւմ են:Հիվանդության հիմնական նշաններից է երեք օր և ավելի տևող բարձր ջերմությունը: 97%-ի դեպքում նկատվում է մարմնի ջերմության բարձրացում: 37.2 ջերմությունը մարդիկ անվանում են իբրև թոքաբորբի ջերմաստիճան, բայց դա սխալ մոտեցում է:Հիվանդությունը տանը բուժելու պարագայում արդյոք չի նվազում բուժման արդյունավետությունը:
Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ շատ երեխաներ (եթե չունեն վտանգի նշաններ) թոքաբորբի դեմ բուժումը ստանում են նաև տան պայմաններում:
Պատվաստումը ապահովու՞մ է լիարժեք պաշտպանություն հիվանդության դեմ:Պնևմակոկային պատվաստումը զգալիորեն նվազեցնում է հիվանդության զարգացման հավանականությունը և մեղմացնում է ընթացքը, եթե երեխան հիվանդանա:
Թոքաբորբը արդոք վարակիչ հիվանդություն է:
Հիվանդության վարակելիությունը շատ ցածր է։
Հիվանդությունից պաշտպանվելու համար բժիշկ Բոյաջյանը հորդորում է հետևել առողջ ապրելակերպի կանոններին, ստանալ համապատասխան պատվաստումը, ընտրել ճիշտ հագուստ երեխայի համար` խուսափելով գերտաքացումից, հետևել սննդին և խուսափել ծխախոտի օգտագործումից երեխայի ներկայությամբ: Ծուխը վնասում է երեխայի շնչուղիները, իսկ վնասված շնչուղին ավելի շուտ կարող է վերցնել ինֆեկցիաները: