Շնորհակալական նամակ Բելառուսի դեսպանին
28 մարտ 2023

«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը շնորհակալական նամակ է հղել Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան պարոն Ալեքսանդր Կոնյուկին` եւս մեկ երեխայի կյանքի փրկության կարեւոր գործում բելառուս մեր գործընկերների մեծ աջակցության համար:

 

Շնորհակալ ենք նաեւ մեր հավատարիմ բարեկամին` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին` երեխայի վիրահատության, Մինսկ գնալ-վերադառնալու հարցերում ցուցաբերած աջակցության համար։

  •  

Մեծարգո պարոն դեսպան,

ընդունեք մեր երախտիքի խոսքը` եւս մեկ երեխայի կյանքի փրկության կարեւոր գործում բելառուս մեր գործընկերների մեծ աջակցության համար:

Խոսքը 14-ամյա տղայի` Խաչինյան Ռաֆայելի մասին է: Նա ծնվել է 2008թ-ին` լյարդի բնածին ֆիբրոզով, եւ տարիների ընթացքում անհրաժեշտություն է ծագել լյարդի փոխպատվաստման, որը հանդիսանում է այդ խնդրի լուծման միակ մեթոդը:

Փոխպատվաստումն իրականացվել է 2023թ-ի հունվարի 31-ին, Երեւանում` «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի եւ Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնի բժիշկների համատեղ ջանքերով` պրոֆեսոր Օլեգ Օլեգի Ռումմոյի ղեկավարությամբ:

Վիրահատությունն անցել է հաջող, սակայն հետվիրահատական շրջանն ընթացել է ալիքաձեւ` երկու կրիզիսային դրվագով. երեխայի մոտ սկսվել էր փոխպատվաստված օրգանի սուր արտավանում: Առաջին դրվագում խնդիրը կարգավորվել է կոնսերվատիվ ընդունված միջոցներով, սակայն երկրորդ էպիզոդում դա հնարավոր չի եղել, ինչն էլ պատճառ է դարձել երկու կլինիկաների մասնագետների համատեղ որոշման` երեխային տեղափոխել Մինսկ` հետագա հետազոտման եւ բուժման նպատակով:
Երեխան Մինսկ է տեղափոխվել մարտի 11-ին եւ վերադարձել մարտի 24-ին` առողջության կայունացած վիճակում:

Այս դեպքը ոչ միայն մասնագիտական հզոր կարողությունների, այլեւ մեծ մարդասիրության, բարեսրտության, առողջ ու ազնիվ համագործակցության արդյունքների մասին է: Շնորհակալ ենք մեր փոքրիկ հայրենակցին, նրա ընտանիքին եւ, իհարկե, մեզ` որպես լյարդի փոխպատվաստման սկսնակ կլինիկայի մասնագետներ, մենակ չթողնելու համար:

Ցանկանում ենք նշել նաեւ, որ ավիատոմսերի հարցում էլ մեծ աջակցություն է ցուցաբերել բելառուսական «Բելավիա» ընկերությունը, ինչի համար նույնպես խորապես շնորհակալ ենք:

Հարգանքով`
Արա Բաբլոյան
Պրոֆեսոր, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար
 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Վիրաբույժը` ջութակահար
Ոչ պակաս վարպետորեն բեմում՝ ջութակով, որքան վիրահատարանում՝ նշտարով    Վայելեք Կոմիտաս՝ սիրելի վիրաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրի ուրո-վիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Ավետիսի Գեյիկյանի եւ նրա գեղեցկուհի տիկնոջ՝ դաշնակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս Նարինե Ենգիբարյանի հրաշալի կատրամամբ: Միջոցառումը նախաձեռնել էր Դիլիջանի միջազգային դպրոցի կիպրացի աշակերտուհի, 16-ամյա Անտոնիա Մարիա Զոնիայի ընտանիքը՝ Հայոց Մեծ Եղեռնի տարելիցի առիթով ցուցադրելու աղջկա լուսանկարները՝ Կիպրոսի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության թեմայով: Իմանալով իրենց հայրենակցուհի, մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Էլենի Թեոխարուսի՝ «Արաբկիր» ԲՀ-ի, մասնավորապես, Պողոս Գեյիկյանի եւ պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ ունեցած ջերմ գործընկերային-բարեկամական հարաբերությունների մասին, աղջկա ընտանիքը խնդրել է բժիշկ Գեյիկյանին՝ աջակցելու միջոցառման կազմակերպչական եւ գեղարվեստական մասին: Եվ ահա, ապրիլի 21-ին Կամերային երաժշտության տուն եկած հանդիսատեսը առիթ ունեցավ ունկնդրելու Կոմիտաս, Բաբաջանյան, Միրզոյան, Բաղդասարյան, նաեւ կիպրական ավանդական երաժշտություն՝ Պողոս Գեյիկյանի, Նարինե Ենգիբարյանի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանի եւ բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի-ջութակահարուհի Ինեսսա Պետրոսյանի կատարմամբ:   https://www.facebook.com/ArabkirJMC/posts/pfbid027jzH5RwrehNihkstQjnLKBPk1YdHkT8DNy65w6AdyDXUTPojGVWogw3qawbebicFl
Պրոֆեսոր Պիյուշ Ջանին «Արաբկիր» ԲՀ-ում
Անցած շաբաթ «Արաբկիր» բժշկական համալիրում էր Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության, պարանոցի եւ գլխի վիրաբուժության գծով խորհրդատու, վիրաբույժ, պրոֆեսոր Պիյուշ Ջանին: Ճանաչված պրոֆեսորը հանդես է եկել դասախոսությամբ` քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում ուռուցքային խնդիրների վերաբերյալ, ապա «Արաբկիրի» գործընկերների հետ քննարկել կլինիկական մի քանի դեպք եւ տվել խորհորդներ` ելնելով իր ակտիվ պրակտիկայից: Այցի վերջում Պիյուշ Ջանին հանդիպել է բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ: Պրոֆեսոր Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հարգարժան հյուրին` այցի համար, ներկայացրել եվրոպական, այդ թվում բրիտանական մի շարք կլինիկաների հետ համագործակցության «Արաբկիր» բժշկական համալիրի երկարամյա եւ արդյունավետ փորձը, նշել, որ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներով առաջնորդվելն արաբկիրցիների սկզբունքներից է: Պիյուշ Ջանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ ինքն էլ շատ կարեւորում է մասնագիտական մշտական զարգացումն ու փորձի փոխանակումը եւ հաջողություն մաղթել բժշկական համալիրի ողջ թիմին: