Ժան-Պիեռ Բեռնարի կիսանդրին «ԱրԲեՍ»-ում
29 ապրիլ 2023

«ԱրԲեՍ» առողջության կենտրոնի բակում տեղադրվել է շվեյցարացի հումանիստ, «Արաբկիր» բժշկական համալիրի մեծ բարեկամ Ժան-Պիեռ Բեռնարի կիսանդրին` որպես սիրո եւ երախտագիտության նշան մի մարդու հանդեպ, որի հետ «Արաբկիրն» անցել է երկար ու բեղմնավոր ճանապարհ` սկսած 1988թ-ի երկրաշարժի օրերից:
 

Հիշատակի ոգեկոչման արարողությանը ներկա են եղել Ժան-Պիեռի կինն ու որդին` Ֆրանսուազ Բեռնարն ու Մարտեն Բեռնարը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանզը, Ժան-Պիեռի հայաստանցի գործընկերները, ընկերներն ու աշակերտները:
 

«Եթե ես սկսեմ պատմել մեր բարեկամության, մեր համատեղ ծրագրերի, դժվարությունների ու հաջողությունների պատմությունը, ապա օրեր հարկավոր կլինեն այդ ամենը ներկայացնելու: Ընդամենն ասեմ, որ այն, ինչ տեսնում եք դուք այսօր «Արաբկիր» բժշկական համալիրում, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում, «Ապարանի» առողջարանային ճամբարում, այն ինչը ծառայում է այսօր հայ ժողովրդին, հայ մանուկներին` այդ ամեն ինչում, ինչպես ասում են, Ժան-Պիեռի մատը խառն է: Մենք չէինք լինի այսօր այն, ինչ կանք, եթե մեր կյանքում չլիներ Ժան-Պիեռը եւ եթե նա մեզ չսովորեցներ երազել: Ժան-Պիեռը մեր մեծ բարեկամն էր, մեր սիրելի ընկերը, մեր անգնահատելի խորհրդատուն, եւ անձամբ ինձ համար` եղբայր դարձած մարդ»,- իր խոսքում նշել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը:
 

«Հայաստանում դիվանագիտական իմ առաքելության ոչ երկար շրջանում ես հասկացա, որ Ժան-Պիեռը Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խորհրդանիշներից մեկն է, իսկ պրոֆեսոր Բաբլոյանի հետ նրա եղբայրության վերածված ընկերությունը` բազմաթիվ ծրագրերի ու գաղափարների աղբյուր` ուղղված առողջապահության զարգացմանն ու երեխաների կյանքի որակի լավացմանը Հայաստանում: Սա անգնահատելի է»,-ասել է դեսպան Ռոզենկրանզը:
 

Ներկաներին ողջունել են նաեւ ամենափոքրիկ արաբկիրցիները` Ժան-Պիեռի գաղափարով ստեղծված մանկապարտեզից` ներկայացնելով իրենց ջերմ կատարումները` հայերեն ու ֆրանսերեն:
 

Արա Բաբլոյանն ու Մարտեն Բեռնարը մշտադալար ծառեր են տնկել Ժան-Պիեռի կիսանդրու կողքին` հույսով, որ դրանք կապրեն երկար` ինչպես Հայաստան-Շվեյցարիա, «Արաբկիր» -Ժյուռա կանտոն, Արա Բաբլոյան-Ժան-Պիեռ բարեկամությունը:
 

Մարտեն Բեռնարը շնորհակալություն է հայտնել իրենց համար անչափ հուզիչ ու կարեւոր միջոցառման համար, նշելով, որ ամենաոգեւորողը փոքրիկներն են, որոնք մշտապես Ժան-Պիեռի մտքի մեջ էին ու նրա երազանքներում: «Եվ հիմա մենք ուրախ ենք, որ Ժան-Պիեռն այստեղ է՝ «ԱրԲեՍում»՝ այսքան կենդանի, այսքան բնական, պարզ ու իր նման համեստ այս ստեղծագործությամբ», ասել է Մարտեն Բեռնարը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով քանդակի հեղինակ Էմին Պետրոսյանին:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ