Բուժքույրերի միջազգային օրը
12 մայիս 2023

1820թ-ի մայիսի 12-ին անգլիացի բանկիր Ուիլյամ Նայթինգեյլի ընտանիքում ծնված աղջկա` Ֆլորենսի պատվին է գրեթե 1.5 դար անց բժշկական օրացույցում առանձնացվել կարեւոր այս օրը: Սա առիթ է պատմելու փխրուն մի օրիորդի` Ֆլորենս Նայթինգեյլի խիզախ որոշումների մասին` ընդդիմանալով ծնողների ցանկությանը թողնել բարեկեցիկ կյանքը, մեկնել Գերմանիա` սովորելու բուժքույրական գործ եւ հետագա ողջ կյանքում լինել վիրավորների ու կարիքավորների կողքին` որպես ամենաիսկական քույր:
 

Ղրիմի պատերազմի հուշագրություններում Ֆլորենսի մասին հետագայում ասվելու էր. «Նվիրյալների իր խմբով Անգլիայից Ղրիմ հասած «լապտերով տիկինը», որն ամբողջ գիշեր շրջում էր անքուն վիրավորների շարքերով` մեկին մի բաժակ ջուր, մյուսին դեղահաբ տալով, հաջորդին` պարզ մարդկային մի ժպիտ պարգեւելով: Հենց նրան էր վստահվել Սկյուտարի բանակային հոսպիտալի ղեկավարությունը եւ վիրավոր զինվորների բախտն այդ առումով բերել էր»:

Պատերազմից հետո Ֆլորենսը Ղրիմից Բրիտանիա վերադարձավ որպես մի իսկական հերոս, որին շնորհակալագիր հանձնեց անձամբ Թագուհին` խնդրելով չդադարեցնել աշխատանքը: Այդ ժամանակ է, որ Ֆլորենսը հիմնադրեց բուժքույրերի վերապատրաստման «Նայթինգեյլ» դպրոցը` կրթելով նոր սերունդների եւ փոխանցելով իր գիտելիքներն ու հմտությունները երիտասարդ գործընկերներին:
 

Մենք ուրախ ենք փաստել, որ «Արաբկիր» բժշկական համալիրի բուժքույրական հզոր թիմը բուժքույրական ժամանակակից գործի պիոներ Ֆլորենս Նայթինգեյլի ամենարաժանի հետեւորդներից է: Շվեյցարացի բարեկամների հետ հիմնադրած մեր Բուժքույրական խորհուրդը եւս հետամուտ է բուժքույրերի մասնագիտական զարգացմանն ու առաջընթացին` պարբերաբար անցկացվող դասընթացներով ու կոնֆերանսներով: Մեր հմուտ բուժքույրերն այսօր ոչ միայն շարունակաբար վերապատրաստվում, այլեւ վերապատրաստում են երիտասարդ մասնագետների` ինչպես «Արաբկիրից», այնպես էլ այլ բժշկական հաստատություններից:
 

Սիրելի բուժքույրեր, շնորհավորում ենք ձեր տոնը, մաղթում ենք ձեզ թռիչքի երանելի զգացողություն` մասնագիտական ձեր պատասխանատու դաշտում, առաջ ընթացեք ու ճամփորդեք` անդադար սովորելով: Եվ եթե մի օր քայլեք Լոնդոնի Ուաթերլոու հրապարակով, մի պահ կանգ առեք, ժպտացեք ու խոնարհվեք Ֆլորենս Նայթինգեյլի արձանի առջեւ:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ