Գույքադարան «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում
22 մայիս 2023

«ԱրԲեՍ» առողջության կենտրոնում «Գույքադարան» է բացվել, որն աշխատելու է ճիշտ գրադարանի սկզբունքով, պարզապես տրամադրելու է ոչ թե գրքեր, այլ գույք` «ԱրԲեՍ»-ում վերականգնողական թերապիա անցնող երեխաներին: Նպատակը` աջակցել երեխաների ընտանիքներին` տանն անհրաժեշտ գույք` հատուկ սեղան-աթոռներ, կանգնակներ, գլաններ, ներքնակներ ու ծալովի թեքահարթակներ ունենալու հարցում: Հատկապես հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար այս տեսակի գույքը կարեւոր է: Այդ մասին լավ գիտեն ծնողները, որոնք Մարինա Պարազյանի ղեկավարությամբ միավորվել են «Սորս» հիմնադրամում եւ իրականացնում են ամենատարաբեր ծրագրեր` ուղղված երեխաների կյանքի որակի բարելավմանը:

Այս ծրագիրը, որն իրականացվում է Յունիսեֆի եւ «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, դրանցից մեկն է: Սա համագործակցության հաջողված օրինակ է, ինչը, ծնողների պատկերացմամբ, արժե, որ շարունակություն ունենա միջգերատեսչական մակարդակով:

Գույքադարանի բացմանը ներկա են եղել Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արմեն Չոբանյանը, Յունիսեֆի մանկական ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրեն Արման Բաբլոյանը եւ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի ղեկավար Մանուշակ Երիցյանը, մասնագետներ, ծնողներ եւ հյուրեր:

Արա Բաբլոյանը կարեւորել է ծնողների ակտիվությունը, նկատելով, որ առանց ծնողական ուժեղ օղակի անհնար կլինեն ամենափառահեղ գաղափարներն անգամ: «Սորս» հիմնադրամի եւ «Արաբկիր» ԲՀ-ի համագործակցությունն արդյունավետ օրինակներից մեկն է եւ այս ծրագիրն էլ, վստահաբար, կհաջողվի:
 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ