Մարտի 3. Լսողության համաշխարհային օրը
03 մարտ 2024

Լսողության համաշխարհային օրվան ընդառաջ Հանրային հեռուսատընկերության լրատվականի թիմը հյուրընկալվել է «Արաբկիր» բժշկական համալիրի Խոսքի զարգացման կենտրոնում, որտեղ տարեկան լսողական խանգարումներ ունեցող 40 երեխա է հաճախում՝ շաբաթական 4 անգամ:
 

Սուրդոլոգիական ծառայության թիմի՝ բժիշկների, աուդիոմետրիստների, սուրդոթերապիստների, արտթերապիստների, հոգեբանների, եւ իհարկե, ծնողների նվիրյալ աշխատանքի արդյունքում երեխաները խոսել են սովորում եւ հաճախում հանրակրթական դպրոցներ:

 

- Քո անու՞նը...

- Նարեկ:

- Քանի՞ տարեկան ես:

- Յոթ:

Չորորդ աստիճանի բնածին ծանրալսությամբ Նարեկն առաջին դասարանում է սովորում: Արաբկիր բժշկական համալիրի խոսքի զարգացման կենտրոնում է ստուգելու իր գրանցած առաջընթացը:

 

Նարեկի մայր Սյուզաննա Հարությունյանը պատմում է.

- 4.5 տարեկանում ունեցանք առաջին բառերը` մամա, պապա մեկ էլ ամի, ատաչ` կարմիր, կանաչ գույները որպես էդպիսին: Արդեն մեկ տարի հետո ընկեր Ռոզայի ցուցումով ես օրագիր պահեցի, որտեղ նշում էի բառերը հերթականությամբ: Պատահմամբ հաջորդ տարի նույն ամսաթվին բացում եմ լրացնելու ու տեսնում եմ` արդեն 270 ավել բառ ունենք:

 

Լսողության պահպանման միջազգային օրը կենտրոնում շատ հյուրեր կան: Նախկին սաներն են եկել` անձամբ շնորհակալություն ասելու:

7 ամյա Մարիամն արտասանում է: Արդեն որոշել է, բժիշկ է դառնալու` ատամնաբույժ: Ոչինչ չի էլ հուշում, որ փոքրիկը ժամանակին լսողության կամ խոսքի խնդիր է ունեցել:

 

Սուրդոթերապևտ Մարինե Գրիգորյանը պատմում է.

- Ավելի ուշ է ախտորոշվել Մարիամիկը, ունեցել է որոշակի խոսքային տվյալներ, պրոթեզավորվել է և արդեն աշխատել ենք խոսքի որակի լավացման վրա: 

 

Վաղ ախտորոշումը և միջամտությունները նպաստում են խնդիրների արագ հաղթահարմանն ու սոցիալիզացիային:

 

Սուրդոթերապևտ Մարինե Գրիգորյանը պատմում է.

- Վառ օրինակ է վաղ միջամտության, երբ որ երեխան ժամանակին ստուգվել է, հայտնաբերվել է, ախտորոշվել է, պրոթեզավորվել է և ուղղորդվել է պարապմունքների:

 

Աշխատանքների շնորհիվ Աննան ունի խոսքի այնպիսի զարգացում ինչպիսին իր հասակակիցները: Խնդիրների վաղ հայտնաբերումն ու համապատասխան միջոցառումները հիմնական գործոններն են, որոնք կարող են նվազեցնել ծանրալսության ազդեցությունը երեխայի զարգացման վրա:

 

Բժիշկ-սուրդոլոգ Նելլի Մովսեսովան պատմում է.

- ԱՀԿ-ի տվյալներով բնակչության 5% ունի լսողության տարբեր խնդիրներ: Երեխաների մոտ էլ դա ահագին շատ է հանդիպում: Նույնիսկ նոր ծնված երեխաների մոտ համարվում է ամենահաճախ պատահող պոթոլոգիաներից մեկն է: Հանդիպում է հազարից մեկ հոգու մոտ միջինում:

 

30-50% դեպքերում համարվում է, որ լսողության կորուստն ունի ժառանգական բնույթ, բայց կարող են լսողական խնդիրներով երեխաներ ծնվել նաև առողջ ծնողներից:

 

 Բժիշկ-սուրդոլոգ Նելլի Մովսեսովան պատմում է.

- Տարբեր են պատճառները, ինչից հետո կարող է լինել լսողության իջեցում: Մեծ մաս դեպքերում լսողության իջեցումը կարող է լինել որպես հետևանք սուր-շնչառական վարակներից հետո կամ տարբեր, ուրիշ հիվանդություններից հետո ու մեծ մաս դեպքերում կրում է ժամանակավոր բնույթ:

 

Նորածինների լսողության սքրինինգի ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականին, իսկ 2018 թվականից այն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Ժամանակակից բժշկությունը տալիս է բոլոր հնարավորությունները երեխաների լսողությունը լավացնելու համար: Եթե ուզում եք աշխարհին կապող լսողական զգայարանը չկորցնել` հետևեք Ձեր առողջությանը:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Վիրաբույժը` ջութակահար
Ոչ պակաս վարպետորեն բեմում՝ ջութակով, որքան վիրահատարանում՝ նշտարով    Վայելեք Կոմիտաս՝ սիրելի վիրաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրի ուրո-վիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Ավետիսի Գեյիկյանի եւ նրա գեղեցկուհի տիկնոջ՝ դաշնակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս Նարինե Ենգիբարյանի հրաշալի կատրամամբ: Միջոցառումը նախաձեռնել էր Դիլիջանի միջազգային դպրոցի կիպրացի աշակերտուհի, 16-ամյա Անտոնիա Մարիա Զոնիայի ընտանիքը՝ Հայոց Մեծ Եղեռնի տարելիցի առիթով ցուցադրելու աղջկա լուսանկարները՝ Կիպրոսի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության թեմայով: Իմանալով իրենց հայրենակցուհի, մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Էլենի Թեոխարուսի՝ «Արաբկիր» ԲՀ-ի, մասնավորապես, Պողոս Գեյիկյանի եւ պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ ունեցած ջերմ գործընկերային-բարեկամական հարաբերությունների մասին, աղջկա ընտանիքը խնդրել է բժիշկ Գեյիկյանին՝ աջակցելու միջոցառման կազմակերպչական եւ գեղարվեստական մասին: Եվ ահա, ապրիլի 21-ին Կամերային երաժշտության տուն եկած հանդիսատեսը առիթ ունեցավ ունկնդրելու Կոմիտաս, Բաբաջանյան, Միրզոյան, Բաղդասարյան, նաեւ կիպրական ավանդական երաժշտություն՝ Պողոս Գեյիկյանի, Նարինե Ենգիբարյանի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանի եւ բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի-ջութակահարուհի Ինեսսա Պետրոսյանի կատարմամբ:   https://www.facebook.com/ArabkirJMC/posts/pfbid027jzH5RwrehNihkstQjnLKBPk1YdHkT8DNy65w6AdyDXUTPojGVWogw3qawbebicFl
Պրոֆեսոր Պիյուշ Ջանին «Արաբկիր» ԲՀ-ում
Անցած շաբաթ «Արաբկիր» բժշկական համալիրում էր Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության, պարանոցի եւ գլխի վիրաբուժության գծով խորհրդատու, վիրաբույժ, պրոֆեսոր Պիյուշ Ջանին: Ճանաչված պրոֆեսորը հանդես է եկել դասախոսությամբ` քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում ուռուցքային խնդիրների վերաբերյալ, ապա «Արաբկիրի» գործընկերների հետ քննարկել կլինիկական մի քանի դեպք եւ տվել խորհորդներ` ելնելով իր ակտիվ պրակտիկայից: Այցի վերջում Պիյուշ Ջանին հանդիպել է բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ: Պրոֆեսոր Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հարգարժան հյուրին` այցի համար, ներկայացրել եվրոպական, այդ թվում բրիտանական մի շարք կլինիկաների հետ համագործակցության «Արաբկիր» բժշկական համալիրի երկարամյա եւ արդյունավետ փորձը, նշել, որ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներով առաջնորդվելն արաբկիրցիների սկզբունքներից է: Պիյուշ Ջանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ ինքն էլ շատ կարեւորում է մասնագիտական մշտական զարգացումն ու փորձի փոխանակումը եւ հաջողություն մաղթել բժշկական համալիրի ողջ թիմին: