Առաջին անգամ Հայաստանում «Արաբկիր» ԲՀ-ի թիմը Վադա թեստ է կատարել
13 սեպտեմբեր 2021

«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարեւոր հետազոտություն` Վադա թեստ /Wada test/:
 

Թեստի նպատակը դոմինանտ կիսագունդը որոշելն է, ինչն անհրաժեշտ է վիրահատության ժամանակ խոսքի, հիշողության եւ շարժողական կենտրոնները չվնասելու համար: Հետազոտությունն իրականացնում է նյարդավիրաբույժների, նյարդաբանների, անեսթեզիոլոգների, ԷԷԳ-տեխնիկների եւ զարգացման գնահատողների /մանկաբույժների/ թիմը: Թեստի առաջին կատարումն «Արաբկիրում» ղեկավարել են նյարդավիրաբույժ Սեւակ Բադալյանը, անեսթեզիոլոգներ Աղավնի Համբարձումյանն ու Վահե Խառատյանը, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը, ԷԷԳ-տեխնիկ Թամարա Արասխանյանը, զարգացման մանկաբույժ Իրինա Թովմասյանը:
 

Պացիենտը 11 տարեկան է, կառուցվածքային ֆոկալ էպիլեպսիա ախտորոշումով, էպիլեպտիկ ցնցումներ է ունենում ամենօրյա հաճախականությամբ: Թեստն իրականացվել է միջազգային ուղեցույցներով հաստատված անեսթետիկ նյութով, նյարդաբանական եւ զարգացման գնահատման ընդունված չափորոշիչներով:
 

Հետազոտության սկզբում կատարվել է գլխուղեղի անգիոգրաֆիա` գլխուղեղի անոթային ծառի հնարավոր առանձնահատկությունները որոշելու նպատակով: Գործողության հիմնական փուլն սկսվել է ներքին քներակի մեջ անեսթետիկ նյութի ներարկումով, որ կատարում են նյարդավիրաբույժները: Բուն թեստավորումն սկսվել է ներարկման պահից հինգ րոպեների ընթացքում: Վադա թեստի ամբողջ ընթացքում իրականացվել է ԷԷԳ մոնիտորինգ, ինչը թույլ է տալիս որոշել թեստավորման սկիզբն ու ավարտը:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Վիրաբույժը` ջութակահար
Ոչ պակաս վարպետորեն բեմում՝ ջութակով, որքան վիրահատարանում՝ նշտարով    Վայելեք Կոմիտաս՝ սիրելի վիրաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրի ուրո-վիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Ավետիսի Գեյիկյանի եւ նրա գեղեցկուհի տիկնոջ՝ դաշնակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս Նարինե Ենգիբարյանի հրաշալի կատրամամբ: Միջոցառումը նախաձեռնել էր Դիլիջանի միջազգային դպրոցի կիպրացի աշակերտուհի, 16-ամյա Անտոնիա Մարիա Զոնիայի ընտանիքը՝ Հայոց Մեծ Եղեռնի տարելիցի առիթով ցուցադրելու աղջկա լուսանկարները՝ Կիպրոսի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության թեմայով: Իմանալով իրենց հայրենակցուհի, մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Էլենի Թեոխարուսի՝ «Արաբկիր» ԲՀ-ի, մասնավորապես, Պողոս Գեյիկյանի եւ պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ ունեցած ջերմ գործընկերային-բարեկամական հարաբերությունների մասին, աղջկա ընտանիքը խնդրել է բժիշկ Գեյիկյանին՝ աջակցելու միջոցառման կազմակերպչական եւ գեղարվեստական մասին: Եվ ահա, ապրիլի 21-ին Կամերային երաժշտության տուն եկած հանդիսատեսը առիթ ունեցավ ունկնդրելու Կոմիտաս, Բաբաջանյան, Միրզոյան, Բաղդասարյան, նաեւ կիպրական ավանդական երաժշտություն՝ Պողոս Գեյիկյանի, Նարինե Ենգիբարյանի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանի եւ բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի-ջութակահարուհի Ինեսսա Պետրոսյանի կատարմամբ:   https://www.facebook.com/ArabkirJMC/posts/pfbid027jzH5RwrehNihkstQjnLKBPk1YdHkT8DNy65w6AdyDXUTPojGVWogw3qawbebicFl
Պրոֆեսոր Պիյուշ Ջանին «Արաբկիր» ԲՀ-ում
Անցած շաբաթ «Արաբկիր» բժշկական համալիրում էր Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության, պարանոցի եւ գլխի վիրաբուժության գծով խորհրդատու, վիրաբույժ, պրոֆեսոր Պիյուշ Ջանին: Ճանաչված պրոֆեսորը հանդես է եկել դասախոսությամբ` քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում ուռուցքային խնդիրների վերաբերյալ, ապա «Արաբկիրի» գործընկերների հետ քննարկել կլինիկական մի քանի դեպք եւ տվել խորհորդներ` ելնելով իր ակտիվ պրակտիկայից: Այցի վերջում Պիյուշ Ջանին հանդիպել է բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ: Պրոֆեսոր Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հարգարժան հյուրին` այցի համար, ներկայացրել եվրոպական, այդ թվում բրիտանական մի շարք կլինիկաների հետ համագործակցության «Արաբկիր» բժշկական համալիրի երկարամյա եւ արդյունավետ փորձը, նշել, որ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներով առաջնորդվելն արաբկիրցիների սկզբունքներից է: Պիյուշ Ջանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ ինքն էլ շատ կարեւորում է մասնագիտական մշտական զարգացումն ու փորձի փոխանակումը եւ հաջողություն մաղթել բժշկական համալիրի ողջ թիմին: