Լսողական սարքեր պատերազմի մասնակիցներին
01 հոկտեմբեր 2021

Մեկնարկեց «Արաբկիր» բժշկական համալիրի եւ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջոցով Լոս Անջելեսի «Հայաստան. լսողության աջակցություն ծրագրի» (հիմնադիր Կավուկչյան ընտանիք) և հայ համայնքի բարերարների աջակցությամբ 2020թ-ի արցախյան պատերազմի մասնակիցներին լսողական սարքեր տրամադրելու գործընթացը: Հոկտեմբերի 1-ից 4-ը պատերազմի այն մասնակիցները, որոնց մոտ ի հայ են եկել լսողական խնդիրներ, կարող են այցելել Մամիկոնյան 17, «Աննաբելլա» հյուրանոցի շենք, որտեղ կազմակերպվում

են լսողական սարքերի ընտրության, հարմարեցման եւ տեղադրման բոլոր փուլերը:

 

Այսօր ծրագրի թիմը հյուրընկալեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանին:

Տիկին Ստեփանյանը հավաստիացրեց, որ բարեգործական, հասարակական կազմակերպությունների ու անհատների

նման նախաձեռնություններն, իրապես, մեծ օգնություն են ինչպես հենց շահառուներին, այնպես էլ պետությանը:

 

Ծրագիրն սկսվել է շահառուների տվյալների հավաքագրմամբ: Այն իրականացվել է պաշտպանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, բժշկական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների եւ անհատների հետ համագործակցության միջոցով: Հավաքագրված 250 անձից հետազոտվել են մոտ 170-ը, որոնցից 130-ին այս փուլում կտրամադրվեն լսողական սարքեր: Ամերիկահայ բարերարները պատրաստակամություն են հայտնել աջակցել պատերազմի ավելի մեծ թվով մասնակիցների, եւ շահառուների գրանցման գործընթացը դեռ շարունակվում է:

 

Տրամադրվում են նորագույն տեխնոլոգիայի թվային լսողական սարքեր, որոնք ի վիճակի են փոխհատուցել լսողության խոր կորուստն անգամ: Սարքերի համակարգչային հարմարեցումից հետո շահառուները ստանալու են նաեւ հետխնամքի անվճար ծառայություններ` անսարքությունների շտկման եւ հնարավոր այլ խնդիրների լուծման համար: Սարքերն աշխատում են վերալիցքավորվող մարտկոցներով:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Վիրաբույժը` ջութակահար
Ոչ պակաս վարպետորեն բեմում՝ ջութակով, որքան վիրահատարանում՝ նշտարով    Վայելեք Կոմիտաս՝ սիրելի վիրաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրի ուրո-վիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Ավետիսի Գեյիկյանի եւ նրա գեղեցկուհի տիկնոջ՝ դաշնակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս Նարինե Ենգիբարյանի հրաշալի կատրամամբ: Միջոցառումը նախաձեռնել էր Դիլիջանի միջազգային դպրոցի կիպրացի աշակերտուհի, 16-ամյա Անտոնիա Մարիա Զոնիայի ընտանիքը՝ Հայոց Մեծ Եղեռնի տարելիցի առիթով ցուցադրելու աղջկա լուսանկարները՝ Կիպրոսի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության թեմայով: Իմանալով իրենց հայրենակցուհի, մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Էլենի Թեոխարուսի՝ «Արաբկիր» ԲՀ-ի, մասնավորապես, Պողոս Գեյիկյանի եւ պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ ունեցած ջերմ գործընկերային-բարեկամական հարաբերությունների մասին, աղջկա ընտանիքը խնդրել է բժիշկ Գեյիկյանին՝ աջակցելու միջոցառման կազմակերպչական եւ գեղարվեստական մասին: Եվ ահա, ապրիլի 21-ին Կամերային երաժշտության տուն եկած հանդիսատեսը առիթ ունեցավ ունկնդրելու Կոմիտաս, Բաբաջանյան, Միրզոյան, Բաղդասարյան, նաեւ կիպրական ավանդական երաժշտություն՝ Պողոս Գեյիկյանի, Նարինե Ենգիբարյանի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանի եւ բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի-ջութակահարուհի Ինեսսա Պետրոսյանի կատարմամբ:   https://www.facebook.com/ArabkirJMC/posts/pfbid027jzH5RwrehNihkstQjnLKBPk1YdHkT8DNy65w6AdyDXUTPojGVWogw3qawbebicFl
Պրոֆեսոր Պիյուշ Ջանին «Արաբկիր» ԲՀ-ում
Անցած շաբաթ «Արաբկիր» բժշկական համալիրում էր Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության, պարանոցի եւ գլխի վիրաբուժության գծով խորհրդատու, վիրաբույժ, պրոֆեսոր Պիյուշ Ջանին: Ճանաչված պրոֆեսորը հանդես է եկել դասախոսությամբ` քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում ուռուցքային խնդիրների վերաբերյալ, ապա «Արաբկիրի» գործընկերների հետ քննարկել կլինիկական մի քանի դեպք եւ տվել խորհորդներ` ելնելով իր ակտիվ պրակտիկայից: Այցի վերջում Պիյուշ Ջանին հանդիպել է բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ: Պրոֆեսոր Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հարգարժան հյուրին` այցի համար, ներկայացրել եվրոպական, այդ թվում բրիտանական մի շարք կլինիկաների հետ համագործակցության «Արաբկիր» բժշկական համալիրի երկարամյա եւ արդյունավետ փորձը, նշել, որ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներով առաջնորդվելն արաբկիրցիների սկզբունքներից է: Պիյուշ Ջանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ ինքն էլ շատ կարեւորում է մասնագիտական մշտական զարգացումն ու փորձի փոխանակումը եւ հաջողություն մաղթել բժշկական համալիրի ողջ թիմին: