Գլխավոր
Նորություններ
Առողջության մասին

Շնորհավորում ենք Արմեն Մուրադյանին
10 հուլիս 22
«Արաբկիր» բժշկական համալիրի թիմը սիրով շնորհավորում է ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանին` հոբելյանական 50֊րդ տարեդարձի առիթով։
Առողջություն, խաղաղություն, անսպառ եռանդ ու հաջողություններ Ձեզ, սիրելի Արմեն Աբգարի։ Թող իրականություն դառնան Ձեր բոլոր նպատակները` հանուն ապագա բժիշկների կրթության և մեր հասարակության առողջության։

Առաջին անգամ Հայաստանում. պարկինսոնիզմի վիրահատական բուժում
08 հուլիս 22
Սիրելի այցելուներ և գործընկերներ,
ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Պարկինսոնի հիվանդության նյարդավիրաբուժական բուժումն արդեն հնարավոր է նաև Հայաստանում` «Արաբկիր» բժշկական համալիրում:
Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայության մեր թիմը հաջողությամբ իրականացնում է գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա (Deep Brain Stimulation /DBS)։ Բուժման այս մեթոդն ունի երկար փորձով և գիտական տվյալներով ապացուցված բարձր արդյունավետություն՝ հսկելով հիվանդների շարժողական ֆունկցիան, կանխանգելելով և բուժելով դեղորայքային բուժման շարժողական բարդություններն ու զգալիորեն բարձրացնելով պացիենտների կյանքի որակը, ինքնուրույնության և աշխատունակության աստիճանը:
Վիրահատության ժամանակ գլխուղեղի խանգարված ֆունկցիայով համապատասխան կորիզներում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք աշխատում են կրծքավանդակի մաշկի տակ զետեղված նյարդախթանիչի օգնությամբ։ Նյարդախթանիչի ծրագրավորումն ու դրա հետագա կարգավորումը, որոնք իրականացնում է վերապատրաստված մասնագետը, թույլ են տալիս ունենալ կայուն և շարունակական հակապարկինսոնային կամ հակադիսկինետիկ արդյունք։
Նյարդավիրաբուժական այս միջամտությունը կիրառվում է նաև դեղորայքակայուն էսենցիալ դող ունեցող և գեներալիզացված դիստոնիայիով պացինետների բուժման համար։ Վիրահատվում են այն պացինետները, որոնք նախավիրահատական գնահատում են անցել և համապատասխանում են ընտրության չափանիշներին:
Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիային և սարքի հետագա կարգավորմանը տիրապետելու համար նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը վերապատրաստվել է Բուլղարիայում` Սոֆիայի «Սուրբ Իվան Ռիսլկի» համալսարանական հիվանդանոցում, նյարդաբան Զարուհի Թավադյանը` Ավստրիայում` Ինսբրուկի համալսարանի շարժողական խանգարումների կենտրոնում և Հունգարիայում` Ժեգեդի համալսարանական կլինիկայում։
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայություն` 060 400 300 և ներքին` 22 21 հեռախոսահամարով:
* Նյութը պատրաստված է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ պացիենտներին և գործընկերներին տեղեկություն տրամադրելու համար:

Մահացել է Ալբերտ Վանյանը
05 հուլիս 22
Մեծ ցավով և ափսոսանքով տեղեկացնում եմ, որ մահացել է մեր սիրելի ուսուցիչը` մանկական վիրաբույժ, պրոֆեսոր Ալբերտ Վանյանը։
Անգնահատելի է Ալբերտ Անդրանիկովիչի դերը Հայաստանի մանկական վիրաբուժության զարգացման գործում, անչափելի են նրա մարդկային արժանիքները, սերը երեխաների, իր երիտասարդ գործընկերների, մասնագիտության և հայրենիքի հանդեպ։
Ձեր գործն անմահ է, սիրելի պրոֆեսոր, շնորհակալություն Ձեզ, խաղաղություն Ձեր մարդասեր հոգուն։
Արա Բաբլոյան
Արևշատցիներն «Արաբկիրում»
29 հունիս 22
«Արաբկիր» բժշկական համալիրի փոքրիկ պացիենտներին հյուր էին եկել Արարատի մարզի Արևշատ գյուղի երաժշտական դպրոցի սաները: Ժողովրդական գործիքային իրենց կատարումներով նրանք տարբերվող դարձրեցին երեխաների օրը, ուրախ և հիշվող:
Գաղափարը հիանալի է` գյուղում ապրող այս պայծառ դեմքերը, որոնց երաժշտական դպրոցի նորոգման համար բարեգործությամբ գումար էր հավաքվել, իրենք էլ իրենց բարի գործն են անում` նպաստելով տարեկիցների բուժմանը` բարեգործական համերգով հավաքած փոքրիկ գումարով և, իհարկե, բարձր տրամադրությամբ:
Շնորհակալություն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ին և Արի գյուղ, գյուղում կյանք կա/Come to village, Life is here նախաձեռնությանը` փոքրիկ արևշատցիների հետ մեզ ծանոթացնելու համար:

Հուլիսի 1-ից` վճարումներն անկանխիկ
24 հունիս 22
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ,
«Անկանխիկ գործառնությունների մասին» այս տարի ընդունված օրենքով` բժշկական և կրթական հաստատություններն այս հուլիսի 1-ից Երևանում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից մարզկենտրոններում, իսկ 2024թ-ի հուլիսի 1-ից` հանրապետության ողջ տարածքում իրենց մատուցած ծառայությունների դիմաց ցանկացած վճար պետք է ընդունեն բացառապես անկանխիկ:
Ուստի խնդրում ենք «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ այցելելիս նկատի ունենալ, որ բոլոր վճարումներն ընդունվելու են բացառապես անկանխիկ եղանակով:
ԷԷԳ նոր սարք Արցախին
23 հունիս 22
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ Արցախի «Արևիկ» բուժմիավորմանը վիդեո-էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նոր սարք է նվիրել:
Տեխնիկական բնութագրիչներով այն լավագույններից մեկն է համարվում որոլտում: Սարքը հնարավորություն կտա կատարել կարճատև և երկարատև վիդեո-էէգ հետազոտություններ` նպաստելով էպիլեպիսիայի հայտնաբերմանն ու ախտորոշված դեպքերի վարմանը:
Սարքի գործարկման առիթով Արցախում էին «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանները: Ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, որը նաև Արցախի Առողջապահության նապարարության խորհրդատուն է` նյարդաբանական գծով, կարգավորել և առաջին հետազոտություններն է արել` գործնական խորհուրդներ տալով տեղի մասնագետներին: Սարքը սպասարկող տեխնիկը մինչ այդ ևս վերապատրաստվել էր «Արաբկիրում»:

Հունիսի 21. բուժաշխատողների օրը
21 հունիս 22
Սիրելի գործընկերներ,
շնորհավորում եմ բուժաշխատողների օրվա առիթով: Առողջություն և խաղաղություն եմ մաղթում յուրաքանչյուրիդ, երջանկություն` անձնական կյանքում, բարեկեցություն` ընտանիքում, առաջընթաց և հաջողություններ` աշխատանքում: Ձեր նվիրված աշխատանքի լավագույն գնահատականը փրկված կյանքերն են, առողջացած պացիենտները, ամեն փոքրիկի լուսավոր ժպիտը` տուն վերադառնալիս: Բարի ընթացք ձեր բարի առաքելությանը` որտեղ էլ որ լինեք:
Արման Բաբլոյան
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրեն
ԱրԲեՍ Պլյուս. մեծահասակաների վերականգնողական ծառայություն
14 հունիս 22
Այս ֆոտոպատմությունը «ԱրԲեՍ Պլյուսի» պացիենտներից մեկի` Հայկի մասին է: Ճիշտ կազմակերպված ու շարունակական աշխատանքը հաջող արդյունքներ է տալիս:
«ԱրԲեՍ Պլյուսը» «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի նորաբաց ծառայությունն է` ուղղված մեծահասակների վերականգնողական թերապիային:
Ծառայությունից կարող են օգտվել բոլորը, եթե ունեն
հենաշարժողական, նյարդամկանային խնդիրներ,
կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումներ,
մանկությունից մնացած նմանատիպ խնդիրներ:
Դրանք առավելապես արտահայտվում են
մեջքի, պարանոցի և հոդերի ցավերով,
խոշոր և մանր շարժումների սահմանափակումներով:
Պացիենտների հետ աշխատում է բազմամասնագիտական թիմը` առաջնորդվելով յուրաքանչյուրի համար մշակված անհատական վերականգնողական պլանով: Պարապմունքներն իրականացվում են արտահիվանդանոցային ռեժիմով, այսինքն պացիենտներն այստեղ չեն գիշերում:
Մանրամասների և հերթագրվելու համար` 060 40 30 30 և ներքին` 25 00, զանգել ժամը 09:30-16:30:
Հասցեն` Երևան, Փափազյան 32
Էլ. հասցե` [email protected]
Բաժանմունքի մասին` https://www.arabkirmc.am/hy/feature/rehabilitation/104
*Նյութը պատրաստվել է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ պացիենտներին տեղեկություն տրամադրելու համար:

Արամի հաջողության բանաձևը
10 հունիս 22
Արամի պատմությունը ոգեշնչող է և ընդօրինակելի: Տղայի քայլելը, հնարավոր է, այդպես էլ երազանք մնար, եթե ընտանիքը չդիմեր «Արաբկիր» ԲՀ-ի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք:
Լսեք, տեսեք ու ճանաչեք ուժեղ Արամին, նրա ուժեղ մայրիկին ու բժշկին:
Միասնական ջանքերն արդյունք են տալիս:

Մանկաբուժական դպրոց 2022, հունիսի 10, 11
08 հունիս 22
Սիրելի բժիշկներ, հունիսի 10-ին և 11-ին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում անց է կացվելու «Մանկաբուժական դպրոցի» ամենամյա դասախոսությունների այս տարվա շարքը:
Ծրագրում ընդգրկված են Հայաստանի և Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի առաջատար մանկաբույժների դասախոսություններ` արդի մանկաբուժության խնդիրների մասին:
Դպրոցի ծրագիրը հավաստագրել է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Պահանջվող կարգով գրանցված և մասնակցած բժիշկները կստանան վկայականներ` ՇՄԶ կրեդիտներով:
Գրանցվելու համար կարող եք գրել [email protected] հասցեին:
Ծրագիրն ու օրակարգը` ստորև:

Յուվենիլ իդիոպատիկ արթրիտ
07 հունիս 22
Լսեք յուվենիլ իդիոպատիկ արթրիտի` անհայտ ծագման պատանեկան հոդաբորբի մասին` «Արաբկիր» ԲՀ-ի ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Խլոյանի մեկնաբանությամբ:

Նշագեղձերի բորբոքումներ` տոնզիլիտ
06 հունիս 22
Կարդացեք համառոտ տեղեկություններ նշագեղձերի բորբոքումների` տոնզիլիտի մասին:
Ներկայացնում է «Արաբկիր» ԲՀ-ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, մանկաբուժության գծով Ան խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:
Հունիսի մեկը «Արաբկիր» ԲՀ-ում
01 հունիս 22
Մենք բոլորս գալիս ենք մանկությունից: Այնտեղ ամեն ինչ պարզ է ու մաքուր, բարի ու գեղեցիկ:
Սիրելի փոքրիկներ, շնորհավոր ձեր մանկության ամենաարևոտ տոնը, ձեր իրավունքների պաշտպանության օրը` հունիսի 1-ը: Պարզ, մաքուր, բարի ու գեղեցիկ ձեր մանկությունը թող միշտ ապրի ձեր մեջ` անկախ տարիքից ու ցանկացած այլ հանգամանքից: Առողջ ու խաղաղ կյանք ամենքիդ` որտեղ էլ լինեք:
Հիշեք, որ «Արաբկիր» բժշկական համալիրի թիմը ձեր, ձեզանից շատերի ծնողների, հետագայում գուցե և ձեր փոքրիկների առողջության իրավունքի երաշխավորն է, ձեր անդավաճան ընկերը` առողջ կյանքի ճանապարհին:

Վաղ հայտնաբերումն ու միջամտությունը կարևոր են
30 մայիս 22
Երեխաների օրվան ընդառաջ` կրկին երեխաների առողջության մասին. Արա Բաբլոյանը պատասխանել է «Իրավունքի» հարցերին:

«Արաբկիրի» վիրաբույժները Գյումրիում
30 մայիս 22
«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ, բգթ Սերգեյ Բաբլոյանն ու վիրաբույժ Ռոմիկ Սարգսյանը Գյումրիում էին՝ «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում»: Միջհիվանդանոցային համագործակցության հերթական այցի շրջանակում մեր վիրաբույժները խորհրդատվական կարգով ընդունել են միզասեռական համակարգի բնածին խնդիրներով շուրջ երկու տասնյակ պացիենտի, վիրահատել նրանցից մի քանիսին:
Մասնագիտական փոխօգնության նման այցերը գնահատելի են հատկապես մարզային կլինիկաների աշխատակիցների համար: Դրանք տեսական նորարարություններին գործնականորեն ծանոթանալու լավ տարբերակ են հենց իրենց աշխատավայրում:

Երիկամի 200-րդ փոխպատվաստումը
25 մայիս 22
«Արաբկիր» բժշկական համալիրում կատարվել է երիկամի 200-րդ փոխպատվաստումը. 200 փրկված կյանք` դոնորների և բժիշկների նվիրումով ու ջանքերով:
Երիկամի առաջին փոխպատվաստումն այստեղ արվել է 1991թ-ի մայիսին: Ծրագրի գաղափարը պրոֆեսոր Արա Բաբլոյանի մոտ ծնվել է երկրաշարժից հետո, երբ ավերակների տակ մնացած բազմաթիվ մարդկանց, նրանց մեջ և երեխաների, կարիք էր լինում երիկամի հեմոդիալիզ իրականացնել: Սակայն հեմոդիալիզը, հատկապես երեխաների դեպքում, խնդրի վերջնական լուծում լինել չէր կարող, այն ազդում է կյանքի որակի վրա: Փոխպատվաստումն ավելի արդյունավետ ու երաշխավորող մոտեցում է համարվում:
Երիկամի փոխպատվաստումն իրականացնում է բազմամասնագիտական թիմը: Նախ ընտրվում է պացիենտ-դոնոր զույգը` բոլոր` բժշկական, հոգեբանական և այլ ասպեկտներ քննարկելով և հաշվի առնելով, ապա տեղի է ունենում բուն վիրահատությունը: Վիրաբույժներն աշխատում են երկու վիրասրահներում` զուգահեռաբար: Առաջինում դոնորից օրգանը վերցնելու, երկրորդում ռեցիպիենտի մարմնում այն տեղադրելու պրոցեսներն են ընթանում: Վիրահատությունից հետո էլ հետվիրահատական փուլն է և, իհարկե, օրգան-փոխպատվաստված պացիենտների դիսպանսեր հսկողության մշտական գործընթացը: «Արաբկիր» ԲՀ-ում գործող օրգան-փոխպատվաստված պացիենտների դիսպասեր բաժանմունքն, ի դեպ, միակն է Հայաստանում: Այս պահին այստեղ գրանցված է 180 մարդ, մեծամասնությունը` 163-ը, փոխպատվաստված երիկամով, 16-ը` լյարդով և մեկ պացիենտ` փոխպատվաստված սրտով:
Տեսանյութում ներկայացվում են մանրամասներ երիկամի փոխպատվաստման մասին. պացիենտները պատմում են նախա-, բուն և հետվիրահատական բարդ ճանապարհին իրենց կյանքի պատմությունը` նշելով, որ բժիշկների նկատմամբ վստահությունն ու խնդրին միասնաբար լուծում տալու կամքն այս գործում ամենակարևորն են:

Մայիսի 20-ը վնասվածքաբանների համաշխարհային օրն է
20 մայիս 22
Մայիսի 20-ը վնասվածքաբանների համաշխարհային օրն է, բժշկագիտության ամենահին ուղղություններից մեկի օրը:
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի մասին առաջին գրառումները հանդիպում են դեռևս անտիկ շրջանի արձանագրություններում, մասնավորապես, Հիպոկրատի «Վնասվածքների մասին» և «Հոդերի մասին» աշխատություններում: Իհարկե, անհամեմատելի են այն և մեր օրերի մեթոդներն ու հնարավորությունները, բայց բոլոր ժամանակներում էլ նույնն է բժիշկների առաքելությունը` օգնել մարդուն` չվնասելով:
Սիրելի բժիշկներ, փոքրիկ պացիենտների ծնողներից ամեն օր ստացվող արձագանքները, գնահատանքի և օրհնության խոսքերը հենց այդ մասին են` ձեր պրոֆեսիոնալիզմի և մարդասիրության:
Շնորհակալություն, և շնորհավոր ձեր մասնագիտական տոնը:
https://www.arabkirmc.am/hy/services/77
Պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերն «Արաբկիրում»
17 մայիս 22
«Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայությունը կրկին հյուրընկալել էր շվեյցարացի նյարդաբան, պատվավոր պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերին:
Պարբերական դարձած այցելություների շրջանակում պրոֆեսորը մասնագիտական քննարկումներ և խորհրդատվություններ է իրականացնում հայ գործընկերների հետ, որոնք մինչև նրա գալն արդեն առանձնացնում և հերթագրում են բոլոր այն պացիենտներին, որոնց դեպքերն առանձնակի ուշադրության են արժանի` իրենց բարդությամբ կամ յուրահատկությամբ: Եվ խոսքը միայն «Արաբկիրի» նյարդաբանների մասին չէ. պրոֆեսորի խորհրդատվությունը ստանալու հնարավորություն են ունենում այլ կլինիկաների նյարդաբանների պացիենտներ նույնպես:
Այս անգամ իրականացվել է 30 պացիենտի խորհրդատվություն, 15 դեպք էլ քննարվել է առանց պացիենտների ներկայության: Հանդիպումներին մասնակցել է 16 բժիշկ:

Մայիսի 12-ը` Բուժքույրերի միջազգային օր
12 մայիս 22
Բուժքույրերի միջազգային օրն է` բժիշկների «աջ ձեռքի», պացիենտների հոգատար քույրերի և մայրերի օրը, մարդկանց, որոնք, բառացիորեն, գիշերուզօր աշխատում են` նվիրելով իրենց կյանքն ամենաբարի առաքելությանը` մարդասիրությանը:
Շնորհակալություն, սիրելի բուժքույրեր:
Առողջություն ձեզ և ձեր ընտանիքներին, սեր, արևշատություն:

Արա Բաբլոյանը 75 տարեկան է
05 մայիս 22
Բարի տարեդարձ, սիրելի Արա Սայենի:
Դժվար է մի քանի բառով կամ մի քանի րոպեում ամփոփել մեր սերն ու պատկառանքն` ուղղված Ձեզ` մարդու, որն ապրում ու արարում է հանուն հայ մանուկների ու մեծերի առողջության, մարդկանց բարօրության ու երկրի առաջընթացի, անդադար պրպտում ու գտնում է նորանոր ճանապարհներ` զարգացնելու «Արաբկիրն» ու պրոյեկցելու համալիրի ձեռքբերումներն ամբողջ հանրապետությունում:
Դուք օրինակելի եք Ձեր նվիրումով: Շնորհակալություն մեր բացառիկ օրինակը, անփոխարինելի ուսուցիչը, բարի բժիշկն ու անգնահատելի ընկերը լինելու համար:
Մաղթում ենք, որ Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից ծննդյան օրվա առիթով Ձեզ ուղղվող հազարավոր բարեմաղթաքներից յուրաքանչյուրն իրականություն դառնա, առողջ լինեք ու շարունակեք հարստացնել մեզ Ձեր ներկայությամբ:
Ձեր մեծ ընտանիքի` «Արաբկիր» բժշկական համալիրի աշխատակիցներ
https://www.facebook.com/watch/?v=976997096289385

Ասթմայի համաշխարհային օրը
04 մայիս 22
Մայիսի 3-ը Ասթմայի համաշխարհային օրն է:
Բժշկական օրացույցում այն առանձնացվել է Ասթմայի համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ` ասթմայի մասին տեղեկացվածության բարձրացման նպատակով:
Ասթման մանկական խրոնիկական ամենատարածված հիվանդությունն է: Այն կարելի է կառավարել` գրագետ մասնագիտական մոտեցումներով նվազեցնելով, կանխելով հերթական սրացումները:
Համաշխարհաին օրվա այս տարվա նշանաբանն է` «Փակել ասթմայի խնամքի բացերը»` ժամանակին և ճիշտ ախտորոշման ու բուժման միջոցով:
«Արաբկիր» բժշկական համալիրում ասթմայի հարցրեով զբաղվում է շնչառական բժշկության և ալերգոլոգիայի ծառայությունը:
Այցելության համար պետք է նախապես հերթագրվել` զանգահարելով 015 400 300 և ներքին` 21 36 հեռախոսահամարով:
https://instagram.com/stories/astghikbag/2829837791059569290?utm_source=ig_story_item_share&igshid=MDJmNzVkMjY=

Բաց դռների օր մաշկաբանական ծառայությունում
03 մայիս 22
Մայիսը մելանոմայի մասին իրազեկման ամիսն է, ինչի առիթով «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանական ծառայությունը մայիսի 7-ին, ժամը 10:00-14:00 կիրականացնի անվճար զննում և դեմատոսկոպիկ հետազոտություն` խնդրի հայտնաբերման ուղղությամբ:
Մելանոման մաշկի չարորակ նորագոյացություն է, որն արագ զարգանալու և մետաստազներ առաջացնելու հատկություն ունի: Այդ պատճառով չափազանց կարևոր են դրա վաղ հայտնաբերումն ու բուժումը:
Մելանոման կարող է պատահել ցանկացած տարիքում, ցանկացած սեռի մարդու մոտ: Ռիսկի խմբում են հատկապես մաշկի բաց երանգներով, բազմաթիվ խալերով, ինչպես նաև մաշկի քաղցկեղի ընտանեկան պատմություն ունեցող մարդիկ:
Հերթագրվելու համար զանգահարեք 015 400 300 և ներքին` 10 39 հեռախոսահամարով:
«Արաբկիր» ԲՀ, պոլիկլինիկական մասնաշենք, 2-րդ հարկ:
Մեր մասնագետներն են
Արմինե Ադիլխանյանը https://www.arabkirmc.am/hy/pro/826
Տաթևիկ Հարությունյանը https://www.arabkirmc.am/hy/pro/829
Ինգա Մխիթարյանը https://www.arabkirmc.am/hy/pro/827

«Արաբկիր պլյուս» մասնաշենք
16 ապրիլ 22
Սիրելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրի «Արաբկիր պլյուս» մասնաշենքում գործում են ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների մի շարք ծառայություններ:
Մանրամասները` տեսանյութում և հղումով:

Ի գործ` հանուն երեխաների առողջության
05 ապրիլ 22
«Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատորիան հյուրընկալել էր Արուսիկ Մկրտչյանին՝ DJ Vakcina-ին: Վերջին շրջանում նա գեղեցիկ նախաձեռնությամբ է հանդես գալիս. մեկ օր աշխատելով որևէ ընկերությունում` փոխանցում է իր աշխատավարձը Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ #HFCArmenia-ին՝ ի նպաստ փոքրիկների ապաքինման:
Մեր հյուրը նշել է, որ երրորդ կրթությամբ լաբորատորիայի բժիշկ է և կատարած PCR թեսթերը, մանրէաբանական և արյան բիոքիմիական հետազոտությունները լավ առիթ էին նաև այդ մասնագիտությանն անդրադառնալու համար:
Շնորհակալություն, սիրելի Արուսիկ:

Աուտիզմի օրը
02 ապրիլ 22
Այսօր ապրիլի 2-ն է՝ Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրը: Կարգախոսը՝ համապարփակ և արդար որակյալ կրթության ապահովում բոլորի համար:
Կովիդ-19-ի համաճարակը վերջին տարիներին կրթական խնդիրների առջև է կանգնեցրել աշխարհի սովորողների 90 տոկոսին, նրանց մեջ և մարդկանց, որոնք կրթութան առանձնահատուկ պայմանների կարիք ունեն և մինչ այդ էլ գիտեին կրթության և կրթական իրենց իրավունքի արժեքը: Այսօրվա միջոցառումների ջանքերն ուղղված են լինելու հենց այս խնդրին՝ փորձելով նպաստել դրա լուծմանը՝ աուտիզմի մասին իրազեկման և քննարկումների ճանապարհով:
«Արաբկիր» բժշկական համալիրը՝ «ԱրԲեՍ» առողջության կենտրոնով և մարզային մասնաճյուղերով, աուտիզմի հիմնահարցերով զբաղվող առաջատար, հիմնադիր ընկերությունն է Հայաստանում: Բազմամասնագիտական մեր թիմը բացի խնդրի հայտնաբերումից և հաստատումից իրականացնում է նաև դրա շտկմանն ուղղված վաղ միջամտություններ, որոնք մեծապես նպաստում են երեխայի ներառմանն ու կրթական, սոցիալական, աշխատանքային իրավունքների հետագա իրացմանը:

Արա Բաբլոյանը հյուրընկալվել է Հանրային ռադիոյում
31 մարտ 22
«Առողջության և կրթության ոլորտում արված ներդրումները երկարատև ազդեցություն են ունենում, գուցե դրանք այս պահին չերևան, բայց տարիներ անց հենց այդ առողջ ու կրթված սերունդը պիտի առաջ տանի երկիրը»:
Հանրային ռադիոյի «Հաջողության նոտա» հաղորդաշարի հյուրն էր պրոֆեսոր Արա Բաբլոյանը: Նա անդրադարձել է հաջողության իր բանաձևին` ներկայացնելով «Արաբկիր» բժշկական համալիրի ստեղծման պատմությունը, զարգացման ընթացքն ու ամենահաջողված ծրագրերը, ինչպես նաև որպես առողջապահության կազմակերպիչ իր մոտեցումները` ուղղված հանրային առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանը:

Էպիլեպսիայի օրը
26 մարտ 22
«Բարև ձեզ, ես Քեսիդի Մեգանն եմ և ուզում եմ պատմել ձեզ մի խնդրի մասին, որ կոչվում է էպիլեպսիա ու ասել, որ էպիլեպսիա ունեցող մարդիկ այնպիսին են, ինչպիսին մյուսները, մեկն են ձեզանից»: Իննամյա աղջնակի այս նամակն է առիթ դարձել Էպիլեպսիայի համաշխարհային օրվա հռչակման, որը հաճախ նաև «Մանուշակագույն օր» են անվանում: Նպատակը մեկն է՝ ճանաչելի դարձնել էպիլեպսիան մարդկանց համար և ասել, որ այն դատավճիռ չէ, էպիլեպսիայով մարդիկ նույնպես երազել գիտեն և, որ շատ կարևոր է, գիտեն ապրել էպիլեպսիայով, էպիլեպսիայի հետ:
Հայաստանում ապրող էպիլեպսիա ունեցող երեխաները բժշկական օգնություն և սպասարկում են ստանում «Արաբկիր» բժշկական համալիրում: Այստեղ իրականացվում են ինչպես ախտորոշման և բուժման, այնպես էլ դիսպանսեր վերահսկողության բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Վերջին տարիների մեծ ձեռքբերումներից են էպիլեպսիայի դեպքում կատարվող վիրահատությունները, որոնց արդյունավետությունը գնահատվել է ինչպես արտասահմանյան, այպես և արդեն մեր փորձով: «Արաբկիրի» նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայությունը սերտ համագործակցում է Եվրոպայի գործընկերների հետ, մասնավորապես Բուլղարիայի, որոնց անմիջական մասնակցությամբ էլ մեզ մոտ ներդրվել է նյարդավիրաբուժական այս պրակտիկան:

Մեծահասակների վիրաբուժություն
25 մարտ 22
Հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրի «Արաբկիր պլյուս» մասնաշենքում այսուհետ գործելու է մեծահասակների վիրաբուժական ծառայութուն` հագեցած արդի բժշկական սարքավորումներով և տեխնոլոգիաներով:
Վիրահատությունները կատարվում են հիմնականում լապարասկոպիկ, անհրաժեշտության դեպքում նաև բաց ճանապարհով.
խոլեցիստէկոմիա (լեղապարկի քարային և ոչ քարային բորբոքումների դեպքում)
ճողվածքահատումներ (աճուկային, պորտային, սպիտակ գծի, վենտրալ)
ապենդէկտոմիա (որդանման ելունի` «կույր աղիքի» հեռացում)
որովայնի խոռոչի օրգանների կիստոզ գոյացություններ (լյարդի իսկական և կեղծ կիստաներ, մակաբուծային կիստաներ, օրինակ, լյարդի էխինոկոկ)
պրոկտոլոգիական վիրահատություններ (թութք, ուղիղ աղիքի ճաք, պոչուկի կիստա)
ամբուլատոր միջամտություններ (տեղային անզգայացումով)
Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 400 300 /22 20/ և 015 400 300 /11 49/ հեռախոսահամարներով:
ԱՀԿ - «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ
24 մարտ 22
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ է այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Ժիհան Թաուլիան` գրասենյակի աշխատակից Հենրիկ Խաչատրյանի ուղակցությամբ: Տիկին Թաուլիան ծանոթացել է իրականացվող աշխատաքներին, համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի և ԵԴԱԻ պատասխանատու Սերգեյ Սարգսյանի և աշխատակիցների հետ քննարկել համագործակցության նոր գաղափարներ:
ԱՀԿ-ի հետ «Արաբկիր» բժշկական համալիրի կապերը վաղեմի պատմություն ունեն` սկսած մանկաբուժական առաջին դասընթացներից: Հետագայում ԱՀԿ կենտրոնակայանի և Ժնևի համալսարանի հետ համատեղ «Արաբկիրն» առաջին անգամ Հայաստանում իրականացրել է ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված ձեռքերի հիգիենայի ծրագիրը: Այսօր էլ «Արաբկիր» ԲՀ-ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը ԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի» և «Երեխաների շրջանում գիրության դիտարկում» համաեվրոպական հետազոտությունների հայաստանյան գործընկերն է։
Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի աշխատակիցները շարունակաբար հրավիրվում են այլ երկրներ` որպես ԱՀԿ-ի, նաև այլ միջազգային կազմակերպությունների ծրագրերի փորձագետներ, իսկ բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը եղել է ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ:

ԱՀԿ ուղեցույցների նոր ձեռնարկ
23 մարտ 22
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակը հրապարակել է երեխաների և դեռահասների առաջնային բուժօգնության հարյուրից ավել ապացուցահեն ուղեցույցների ձեռնարկ` հիմնված ԱՀԿ-ի, ինչպես նաև տարբեր միջազգային ճանաչված մասնագիտական ասոցիացիաների մինչ այս մշակած ուղեցույցների վրա:
Ձեռնարկը ներառում է 0-18 տարեկան երեխաների առավել տարածված հիվանդությունների վարումը, նորածնային խնամքը, վաղ մանկական զարգացման և սնուցման հարցերը, դեռահասների առողջությունը, հոգեկան առողջության հարցերը:
Ձեռնարկի ներկայացմանն առցանց մասնակցել են մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի, առողջապահության նախարարներ և ոլորտի առաջատար մասնագետներ:
Ուրախությամբ նշենք, որ ձեռնարկի մշակման աշխատանքներին որպես համախմբագիր մասնակցել է մեր գործընկեր, «Արաբկիր» բժշկական համալիրի ,Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտե ստորաբաժանման ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԱՆ մանկաբուժական գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:
Շնորհավորում ենք, սիրելի Սերգեյ Գերասիմի:
Շնորհակալություն երեխաների և դեռահասների առողջությանն ուղղված Ձեր անխնա ջանքի համար:
https://www.euro.who.int/en/publications/abstracts/pocket-book-of-primary-health-care-for-children-and-adolescents-guidelines-for-health-promotion,-disease-prevention-and-management-from-the-newborn-period-to-adolescence-2022

Դաունի համախտանիշի համաշխարհային օրը
21 մարտ 22
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է, առիթ` մեկ անգամ ևս խոսելու քրոմոսոմային ծագում ունեցող այս խնդրի, այն կրող մարդկանց, նրանց իրավունքների և հնարավորությունների մասին:
Օրվան ընդառաջ Հանրային ռադիոյին հարցազրույց է տվել «Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» ԱԿ-ի վերականգնողական ծառայության ղեկավար, մանկաբույժ Գայանե Զաքարյանը:

Գարնանային տոների առիթով
16 մարտ 22
Վահանաձև գեղձի հիվանդությունների հսկողության համար հաճախ կարիք է լինում կատարել ազատ թիրոքսինի և թիրեոտրոպ հորմոնի հետազոտություններ։
«Արաբկիր» ԲՀ լաբորատոր ծառայությունը հիշեցնում է, որ գարնանային տոների առիթով այս հետազոտությունները նույնպես կատարվելու են որոշակի զեղչով` 4500-ի փոխարեն 3500 դրամով: