Ասթմայի համաշխարհային օրը
03 մայիս 2023

Ասթման բարդ հիվանդություն է, որն առաջանում է գենետիկական և շրջակա միջավայրի գործոնների ազդեցությամբ: Այն աշխարհում ամենատարածված խրոնիկական հիվանդությունն է երեխաների և դեռահասների շրջանում և ամենատարածվածներից մեկը` մեծահասակների մոտ:
 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասթման ճանաչել է որպես աղքատության եւ՛ պատճառ, եւ՛ հետեւանք` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: ԱՀԿ-ի գնահատմամբ` ասթման ազդում է 339 միլիոն մարդու վրա` ամբողջ աշխարհում:
 

Ասթմայի համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպական շնչառական միությունը (ERS) եւ ասթմայի համաշխարհային նախաձեռնությունը (GINA) միավորել են ջանքերը՝ քննարկելու GINA 2023 ռազմավարության զեկույցում մեծահասակների, դեռահասների եւ երեխաների համար ասթմայի կառավարման վերաբերյալ առաջարկությունների հիմնական թարմացումները` կարեւորելով թեմայի հիմնական հարցադրումները.

  • ինչպես կլիմայի փոփոխությունն ու օդի աղտոտվածությունը կարող են ազդել ասթմա ունեցողների վրա,
  • ինչ կարող են անել բժիշկները՝ իրենց պացիենտներին անհրաժեշտ ամենահարմար ինհալյատորն ընտրելու համար,
  • ինչ է պետք անել` երաշխավորելու պացիենտներին ավելի առողջ ապագա` ազգային, եվրոպական և գլոբալ մակարդակներում:

Հայաստանում ասթմա ունեցող երեխաներն ու դեռահասները սպասարկվում են «Արաբկիր» բժշկական համալիրում: Շնչառական բժշկության եւ ալերգոլոգիայի մեր ծառայությունում այսօր հնարավոր են ասթմայի ախտորոշման, բուժման եւ կառավարման ժամանակակից բոլոր մեթոդներն ու միջոցները` շնորհիվ արտասահմանյան կլինիկաների, մասնագիտական ասոցիացիաների հետ մեր բժիշկների սերտ համագործակցության, շարունակական մասնագիտական զարգացման եւ տեխնիկական մեծ հագեցվածության:
 

Ասթման դատավճիռ չէ: Վաղ ախտորոշումն ու բժշկական ճիշտ մոտեցումն այն դարձնում են կառավարելի եւ հաղթահարելի:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Վիրաբույժը` ջութակահար
Ոչ պակաս վարպետորեն բեմում՝ ջութակով, որքան վիրահատարանում՝ նշտարով    Վայելեք Կոմիտաս՝ սիրելի վիրաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրի ուրո-վիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Ավետիսի Գեյիկյանի եւ նրա գեղեցկուհի տիկնոջ՝ դաշնակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս Նարինե Ենգիբարյանի հրաշալի կատրամամբ: Միջոցառումը նախաձեռնել էր Դիլիջանի միջազգային դպրոցի կիպրացի աշակերտուհի, 16-ամյա Անտոնիա Մարիա Զոնիայի ընտանիքը՝ Հայոց Մեծ Եղեռնի տարելիցի առիթով ցուցադրելու աղջկա լուսանկարները՝ Կիպրոսի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության թեմայով: Իմանալով իրենց հայրենակցուհի, մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Էլենի Թեոխարուսի՝ «Արաբկիր» ԲՀ-ի, մասնավորապես, Պողոս Գեյիկյանի եւ պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ ունեցած ջերմ գործընկերային-բարեկամական հարաբերությունների մասին, աղջկա ընտանիքը խնդրել է բժիշկ Գեյիկյանին՝ աջակցելու միջոցառման կազմակերպչական եւ գեղարվեստական մասին: Եվ ահա, ապրիլի 21-ին Կամերային երաժշտության տուն եկած հանդիսատեսը առիթ ունեցավ ունկնդրելու Կոմիտաս, Բաբաջանյան, Միրզոյան, Բաղդասարյան, նաեւ կիպրական ավանդական երաժշտություն՝ Պողոս Գեյիկյանի, Նարինե Ենգիբարյանի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանի եւ բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի-ջութակահարուհի Ինեսսա Պետրոսյանի կատարմամբ:   https://www.facebook.com/ArabkirJMC/posts/pfbid027jzH5RwrehNihkstQjnLKBPk1YdHkT8DNy65w6AdyDXUTPojGVWogw3qawbebicFl
Պրոֆեսոր Պիյուշ Ջանին «Արաբկիր» ԲՀ-ում
Անցած շաբաթ «Արաբկիր» բժշկական համալիրում էր Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության, պարանոցի եւ գլխի վիրաբուժության գծով խորհրդատու, վիրաբույժ, պրոֆեսոր Պիյուշ Ջանին: Ճանաչված պրոֆեսորը հանդես է եկել դասախոսությամբ` քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում ուռուցքային խնդիրների վերաբերյալ, ապա «Արաբկիրի» գործընկերների հետ քննարկել կլինիկական մի քանի դեպք եւ տվել խորհորդներ` ելնելով իր ակտիվ պրակտիկայից: Այցի վերջում Պիյուշ Ջանին հանդիպել է բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ: Պրոֆեսոր Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հարգարժան հյուրին` այցի համար, ներկայացրել եվրոպական, այդ թվում բրիտանական մի շարք կլինիկաների հետ համագործակցության «Արաբկիր» բժշկական համալիրի երկարամյա եւ արդյունավետ փորձը, նշել, որ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներով առաջնորդվելն արաբկիրցիների սկզբունքներից է: Պիյուշ Ջանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ ինքն էլ շատ կարեւորում է մասնագիտական մշտական զարգացումն ու փորձի փոխանակումը եւ հաջողություն մաղթել բժշկական համալիրի ողջ թիմին: